Դելիում ծխամշուշի դեմ պայքարի համար մտադիր են արհեստական ​​անձրև առաջացնել

 Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանի կառավարությունը ծրագրում է նոյեմբերի 20-21-ն արհեստական ​​անձրև առաջացնել՝ օգնելու քաղաքացիներին, որոնք շնչահեղձ են լինում օդի որակի կտրուկ վատթարացման պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Դելիի կառավարության շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռային լրագրողներին հայտնել է, որ քաղաքի իշխանությունները մտադիր են այդ ծրագիրը ներկայացնել Գերագույն դատարան, որը իշխանություններից պահանջել է հրատապ միջոցներ ձեռնարկել թունավոր ծխամշուշի դեմ պայքարի համար։

Գոպալ Ռային հանդիպում է անցկացրել քաղաքի ֆինանսների նախարարի և Կանպուր քաղաքի Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտի (Indian Institute of Technology, IIT)  գիտնականների խմբի հետ: IIT-ի մասնագետներն առաջարկել են առաջացնել տեղումներ, ինչը, նրանց կարծիքով, կարող է օգնել Նյու Դելիում օդի որակի արտակարգ իրավիճակի պայմաներում:

«IIT խումբը հայտարարել է, որ արհեստական ​​անձրևի ստեղծման համար անհրաժեշտ է առնվազն 40 % ամպամածություն: Նման ամպամածության հավանականություն կա նոյեմբերի 20-21-ը», – ասել է Ռային։

Ավելի վաղ երկրի Գերագույն դատարանը Դելիի հարևան նահանգներից պահանջել է անհապաղ դադարեցնել ծղոտի և խոզանի՝ հացահատիկային բույսերի ցողունների արմատամերձ մասի այրումը:

Դելիի հարևան նահանգներում աշնանը բերքահավաքից հետո խոզանն այրվում է, և ծուխն իջնում է ցածրադիր գոտում գտնվող մեգապոլիս։ Ամեն տարի աշնանն այնտեղ օդի որակի կտրուկ վատթարացում է դիտվում։ Հնդիկ գիտնականների գնահատումներով`այդ օդի շնչումը համարժեք է օրական 50 ծխախոտ ծխելուն։ Չիկագոյի համալսարանի էներգետիկ քաղաքականության ինստիտուտի օգոստոսյան զեկույցում նշվել է, որ օդի աղտոտվածությունը Դելիի բնակիչների կյանքը կրճատում է մոտ 12 տարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել