Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ իսրայելական ռազմական գործողությունները, եթե գործողությունն ավարտվի մինչև 2024 թվականի վերջը, ամենալավատեսական հաշվարկներով կարժենա 200 միլիարդ շեքել (մոտ 51 միլիարդ դոլար): Այս մասին հայտնում է իսրայելական Calcalist տնտեսական թերթը՝ վկայակոչելով Իսրայելի ֆինանսների նախարարության նախնական տվյալները։
Ըստ թերթի, նման ծախսերը կկազմեն Իսրայելի ՀՆԱ-ի մոտ 10%-ը տարվա կտրվածքով՝ պայմանով, որ ռազմական գործողությունները տևեն ևս 8-12 ամիս և սահմանափակվեն Գազայի հատվածով՝ առանց լիբանանյան Հեզբոլլահ շարժման, Իրանի կամ Եմենի լիիրավ մասնակցության։ Հրապարակման մեջ նշվում է, որ ֆինանսների նախարարությունն այս գնահատականը լավատեսական է որակում:
Calcalist-ը հիշեցնում է, որ Իսրայելում համաճարակի հետ կապված պետական ծախսերը կազմել են մոտ 160 միլիարդ շեքել։