Գազայի հատվածում գտնվող ֆրանսիական ինստիտուտը ռմբակոծվել է Իսրայելի կողմից, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հաղորդագրության մեջ՝ նշելով, որ Փարիզը բացատրություն է պահանջել Թել Ավիվից։
«Իսրայելի իշխանությունները մեզ տեղեկացրին, որ Գազայում գտնվող ֆրանսիական ինստիտուտը իսրայելական հարվածի թիրախ է դարձել: Մենք Իսրայելի իշխանություններից պահանջել ենք անհապաղ համապատասխան ուղիներով հայտնել այն էական փաստերը, որոնք դրդել են այդ որոշումը կայացնել»,- ասվում է հաղորդագրության տեքստում։
Նշվում է, որ հարձակման ժամանակ ինստիտուտում Ֆրանսիայի քաղաքացիներ չեն եղել։Ֆրանսիայի ԱԳՆ-ն նույնպես մտահոգություն է հայտնել Գազայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի աճի կապակցությամբ, որը հասել է մի քանի հազարի։
«Ֆրանսիան դատապարտում է հարձակումները ՄԱԿ-ի գրասենյակների և մարդասիրական անձնակազմի վրա, որոնց աշխատանքը կարևոր է Գազայի խաղաղ բնակչության համար, ինչպես նաև հարձակումները լրատվական բյուրոների վրա: Մենք Իսրայելից պահանջում ենք կոնկրետ միջոցներ ձեռնարկել խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար», – նշել է ԱԳՆ-ն։
Արտաքին գործերի նախարարությունը հիշեցրել է մարդասիրական դադարի անհրաժեշտության մասին և նշել, որ «Գազայի խաղաղ բնակչությունը չպետք է վճարի ՀԱՄԱՍ-ի հանցագործությունների համար»։