Մենք կոչ ենք անում պաղեստինյան և իսրայելական կողմերին անհապաղ դադարեցնել կրակը. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ամենալուրջ մտահոգությունն է հայտնում պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ վատթարացման կապակցությամբ։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս առումով մենք հաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումն առ այն, որ 75 տարի ձգձգվող այս հակամարտությունը ուժային լուծում չունի և կարող է լուծվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ​​ճանապարհով՝ լիարժեք բանակցային գործընթացի հաստատման միջոցով,  հայտնի միջազգային-իրավական հիմքի վրա, որը նախատեսում է Պաղեստինի անկախ պետության ստեղծում 1967թ. սահմաններում՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, որը Իսրայելի հետ կապրի խաղաղության եւ անվտանգության պայմաններում։

Ներկայիս մասշտաբային էսկալացիան գնահատում ենք որպես բռնության փակ շրջանակի հերթական չափազանց վտանգավոր դրսեւորում, որը ՄԱԿ և Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերը հետևողականորեն չկատարելու և Արևմուտքի կողմից միջազգային դիտորդների (Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, ՄԱԿ) մերձավորարևելյան «քառյակի» աշխատանքն արգելափակելու ուղիղ հետևանքն է։

Մենք կոչ ենք անում պաղեստինյան և իսրայելական կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, հրաժարվել բռնությունից, զսպվածություն ցուցաբերել և միջազգային աջակցությամբ բանակցային գործընթաց սկսել՝ ուղղված համապարփակ, ամուր և այդքան երկար սպասված խաղաղությանը Մերձավոր Արևելքում»,-ասվում է հաղորդագրության մեջ։

——————

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաստատել էր, որ Գազայի հատվածից հրթիռներ են արձակվել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Հոկտեմբերի 7-ի առավոտից հրթիռային հարվածների մասին տեղեկություններ են հաղորդվել, ներառյալ Թել Ավիվի տարածքի և նրա շրջակայքի մասին: Տեղի ունեցածի համատեքստում իսրայելական բանակը հայտարարել է «պատերազմի պատրաստության վիճակ», իսկ պաշտպանության նախարար Գալանտը հավանություն տվել պահեստազորայինների զորակոչին և հրամայեց «հատուկ դրություն» մտցնել թիկունքում՝ Գազայի հատվածից 80 կմ հեռավորության վրա, որն ընդգրկում է Թել Ավիվի տարածքը և նրա արվարձանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել