097 կոդով հեռախոսահամարների սպասարկումը ՀՀ տարածքում կիրականացնի Team Telecom Armenia-ն

Team Telecom Armenia-ն տեղեկացնում է․ որ 097 կոդով հեռախոսահամարների սպասարկումը ՀՀ տարածքում կիրականացնի Team Telecom Armenia-ն։

«Սիրելի արցախցիներ, այսպես դուք կկարողանաք օգտվել շարժական կապի բոլոր ծառայություններից` պահպանելով ձեր հեռախոսահամարները»,-նշում են ընկերությունից։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բավարարեց «Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ-ի հայտը շարժական կապի տարածաշրջանային 097 կոդով «Ղարաբաղ Տելեկոմի» առկա հեռախոսահամարների սպասարկումը Team Telecom Armenia-ին տրամադրելու մասին։

«Հաշվի առնելով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար կապ ունենալու կենսական անհրաժեշտությունը` մենք, «Ղարաբաղ Տելեկոմի» մեր գործընկերների հետ համագործակցելով, տեղահանության հենց սկզբից կարողացել ենք տրամադրել անվճար ինտերնետ և հեռախոսակապ: Այս ամբողջ ընթացքում նրանք միայն ցանցի փոփոխությամբ կարողացել են ստանալ լիարժեք կապ։ Այս որոշումը շատ կարևոր քայլ է անվտանգային տեսանկյունից. այսպես մեր հայրենակիցները կշարունակեն կառավարել իրենց բանկային հաշիվները, սոցիալական ցանցերի էջերը, մեսենջերները և մյուս`տվյալների բազա պարունակող հավելվածները՝ զերծ մնալով տարատեսակ թվային հարձակումներից»,- նշում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Ընկերությունը հայտնում է, որ արցախցիների համար հատուկ մշակված սակագնային փաթեթներից օգտվելու կամ առաջացած տեխնիկական խնդիրների դեպքում (SIM քարտերի արդիականացում և այլն) պետք է մոտենալ Team-ի ցանկացած մասնաճյուղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել