Ռուսաստանը շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կայունացման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը հետևում է սեպտեմբերի 20-ին իր ակտիվ միջնորդությամբ հաստատված հրադադարի ռեժիմի պահպանմանը:
«Մեր բոլոր ջանքերի բացարձակ առաջնահերթությունն այն է, որ խաղաղ բնակչության շրջանում զոհեր չլինեն։ ՌԴ խաղաղապահները շարունակում են մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայ բնակչությանը։ Միայն վերջին երկու օրվա ընթացքում ՌԴ խաղաղապահների ուժերով տարածաշրջան է հասցվել 125 տոննա հումանիտար բեռ և 65 տոննա վառելիք»,– ասված է հաղորդագրությունում։
ՌԴ ԱԳՆ–ից նշում են, որ պլաններում պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների կանոնավոր մատակարարումների ապահովումն է ինչպես Լաչինի, այնպես էլ Ակնայի երթուղիներով։