Սեպտեմբերի 1-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Ակնա-Ստեփանակերտ և Լաչին-Ստեփանակերտ ճանապարհների բացման հետ կապված հարցերի շուրջ։
Ալիևը Բլինքենին ասել է, թե իբր Հայաստանն ու Արցախը թույլ չեն տալիս Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի շահագործումը և ստեղծում են արհեստական խոչընդոտներ։
Իլհամ Ալիևը նշել է, որ Հայաստանից ադրբեջանական սահմանով ապրանքների առաքումն առանց ադրբեջանական կողմի հետ համաձայնեցնելու՝ միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին, անհարգալից վերաբերմունք Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ։ Ըստ նրա՝ այս քայլը խոչընդոտ է խաղաղաության պայմանագրի շուրջ բանակցություններին։
Նշվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, որ շարունակելու է ջանքերը՝ ուղղված խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և ընդգծել, որ աջակցում է Բաքվի և Ստեփանակերտի միջև ուղիղ շփումներին։