Կառավարությունը 396 մլն դրամ է հատկացրել 3 մարզերում 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար

Կառավարությունը ընդունել է որոշում, որով նախատեսում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը պետբյուջեով հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում և 396,600.0 հազար դրամ ուղղել  Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կրթահամալիների ստեղծման և դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը:

Սահմանված նախապայմաններից ելնելով՝ Արագածոտնի մարզում ընտրվել է թվով 7 բնակավայր, Արմավիրի մարզում՝ թվով 4 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 9։

Կրթահամալիրների ստեղծման ծրագրի շրջանակում մարզեր կատարած այցերի և իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որտեղի դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր.  Արագածոտնի մարզում՝ 8 բնակավայր, Արմավիրի մարզում՝ 8 բնակավայր, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 6 բնակավայր: Այսպիսով, նախատեսվում է գումար հատկացնել ընդհանուր թվով 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման համար։ 

«Ներկայացվող նախագծով ևս մեկ քայլ առաջ ենք գնում ՀՀ կառավարության ծրագրի կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ծրագրով»,- նշել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ առաջիկայում կավարտվեն 107 կրթահամալիրների և դպրոցների նախագծման աշխատանքները, որից հետո կհայտարարվեն շինաշխատանքների մրցույթներ: Ըստ փոխվարչապետի՝ շինարարական աշխատանքների ծավալը կկազմի առնվազն 150 մլրդ դրամ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել