Նոր փոփոխություն՝ հեղինակային իրավունքի հետ կապված․ 20 000 դրամից մինչև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցման հնարավորություն կսահմանվի

Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել Քաղաքացիական օրենսգրքում։ Iravaban.net-ը հայտնում է, որ նախագիծը վերաբերում է 1137-րդ հոդվածին, որի համաձայն՝ հեղինակային իրավունքով պահպանվող օբյեկտի առանց համապատասխան թույլտվության օգտագործելու դեպքում իրավատիրոջը հնարավորություն է տրվում առանց թույլտվության հեղինակային իրավունքի օբյեկտն օգտագործած անձից պահանջել․ ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ բ) խախտման հետևանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։

Նախագծով առաջարկվում է նախատեսել իրավատիրոջ կողմից օրենքով նախատեսված սահմանված չափով փոխհատուցում ստանալու հնարավորություն, որի դեպքում իրավատերը դատարանում որպես հայցվոր հանդես գալիս պարտավոր չի լինի ապացուցել, որ ինքը կրել է որևէ չափի ֆինանսական վնաս, որպեսզի պատասխանողի վրա հայցի բավարարման արդյունքում դրվի իրավատիրոջը որպես փոխհատուցում որոշակի գումար վճարելու պարտականություն, փոխարենը իրավատերը պետք է ապացուցի սոսկ հեղինակային իրավունքի օբյեկտի ապօրինի օգտագործման փաստը։

«Միևնույն ժամանակ դա չի նշանակում, որ սահմանված փոխհատուցման շեմի շրջանակներում կոնկրետ գումարը որոշելիս դատարանը, այլ ուշադրության արժանի հանգամանքների հետ մեկտեղ, չի կարող հաշվի առնել նաև իրավախախտման հետևանքների ծավալը։ Վիրավորանքի ու զրպարտության համար սահմանված փոխհատուցման կիրառման պրակտիկան ցույց է տալիս, որ ՀՀ դատական համակարգը ունակ է հստակ չափանիշներ սահմանել գումարի չափի որոշման համար, ինչը արդյունավետորեն կիրառվում է ներկայումս և առկա են բազմաթիվ դատական գործեր նման փոխհատուցման պահանջներով»,-նշվում է հիմնավորման մեջ։

Նախագծով առաջարկվում է սահմանել 20 000 դրամից մինչև 2 միլիոն դրամի չափով փոխհատուցման հնարավորություն։

Նշվում է, որ նման կարգավորումներ նախատեսված են առնվազն Ռուսաստանի Դաշնությունում, Լիտվայի Հանրապետությունում, Կանադայում, Սինգապուրի Հանրապետությունում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում և այլն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել