2,5 տարի անց մայրը Մեծամորի դիահերձարանում պատահմամբ գտել է զոհված որդու ամբողջական մարմինը

Պատերազմից 2.5 տարի անց ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանի մայրը՝ տիկին Ալինան, Մեծամորի դիահերձարանում գտել է զոհված որդու ամբողջական մարմինը։ Նշենք, որ ժամկետային զինծառայող Վահագն Խաչատրյանը զոհվել է 2020-ի հոկտեմբերի 10-ին, Հադրութի Վանք գյուղի հատվածում, 2021-ին որոնողական աշխատանքների ժամանակ նրա գլուխն էին գտել և հուղարկավորել «Եռաբլուրում»:

Դեպքի մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Արամ Գևորգյանը։

Երկու օր առաջ ծնողները զանգել են «Հերացի» կենտրոն, հետաքրքրվել, թե գուցե նոր համընկնում կա, և պարզվել է, որ ամբողջական մարմինը, ամբողջությամբ ճանաչելի, Մեծամորի դիահերձարանում է՝ առանց գլխի: Այն ամբողջությամբ ճանաչելի է եղել: Փաստացի նրա մարմինը 2,5 տարի մնացել է սառնարանում ու ծնողներին տեղյակ չեն պահել եւ եթե ծնողը չզանգահարեր, չհետաքրքրվեր, այդպես էլ մնալու էր:

«2021-ի հուլիսից Վահագնը «Եռաբլուրում» է ամփոփված: Համարյա երկու տարի երազում էի, որ գտնեի մարմինը: Դա անդադար ինձ տանջում էր, անընդհատ մտածում էի՝ չեմ գտնելո՞ւ ձեռքերը, ոտքերը, կենդանիների՞ն բաժին հասավ: Հիմա պարզվում է, որ իմ որդու ամբողջ մարմինը, ճանաչելի, դաջվածքը թեւի վրա տեսանելի, 2020-ի 2020-ի նոյեմբերի 21-ից Հայաստանում է»,-ասաց Վահագնի մայրը՝ տիկին Ալինան:

«Հենց դաջվածքի հատվածից փորձանմուշ են վերցրել, բայց դաջվածքը չեն տեսել՝ մի ամբողջ նախադասություն գրած: Եթե դաջվածքը տեսնեին, մենք դաջվածքով էլ ենք փնտրել: Ես սա չեմ պատրաստվում ներել, 2,5 տարի ուղղակի պահեն զինվորին դիահերձարանում, աններելի է: Սա հանցագործություն է, որովհետեւ եթե ամեն ինչ նորմալ արվեր 2020-ին, անգամ ԴՆԹ-ի կարիք չէր լինի, ես կճանաչեի իմ երեխային:

Տիկին Ալինան կոչ արեց բոլոր ծնողներին որոնել իրենց որդիներին, չթողնել սառնարանների մեջ. «Վահագնի գլուխը գտել են հունվարին, մեզ տվել են հուլիսին: Ես ասում էի՝ ո՞նց, 6 ամիս իմ երեխայի մասունքը եղել է սառնարանո՞ւմ, ես չգիտեի, որ ինձ ավելի բեթարն են տալու, որ ինձ տալու են 2,5 տարի հետո ամբողջական ճանաչելի մարմինը:

Ես երանի եմ տվել այսօրվան, այն ծնողներին, որոնց որդիների մարմինն ամբողջական են տվել: Իմ երեխեն այսօր նոր տուն է եկել, այսօր նոր իմ խիղճը մի քիչ հանգստացել է, որ չեմ ընկնելու Հադրութի անտառներում ոտքերը, ձեռքերը փնտրել: Ինձ ասում են՝ աչքալուսանքի առիթ է: Էրեխես գել ու գազանի բաժին չէր դարձել, այլ երկոտանի կենդանիների՝ մարդկանց ձեռքում էր հայտնվել:

Ես դեռ չգիտեմ՝ որտեղից եմ սկսելու, բայց էսպես չի կարող մնալ: Տարան, կոտորեցին, հիմա էլ այս վիճակո՞ւմ»,-ասաց մայրը՝ հավելելով. «Խաղաղվեց երեխես, գոնե հիմա կհանգստանա Վահագս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել