Հաշված օրերի ընթացքում ԱԱՀ-ի վերադարձը կարևոր է տնտեսության համար, բայց առավել կարևոր է, որպեսզի այդ վերադարձերը լինեն հիմնավորված. Սերգեյ Մուրադյան

2022 թվականի ընթացքում Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարողներին է վերադարձրել մոտ 212 միլիարդ դրամ ավելացված արժեքի հարկ: ԱԱՀ-ն այնպիսի հարկ է, որ եթե մի տնտեսվարող դեբետագրում (կուտակում) և հետ է ստանում պետական բյուջեից, ապա մյուսը պետք է այն վճարի պետական բյուջե, սակայն այստեղ առկա են մի շարք նրբություններ․ այս մասին հայտնում է «Սթեփ Քընսալթինգ» խորհրդատվական ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը։

Նրա խոսքով՝ ըստ էության գոյություն ունի երկու ընթացակարգ՝ ստանդարտ (ուսումնասիրության միջոցով) և պարզեցված (առանց ուսումնասիրության և ավելի արագ):

«Երկու դեպքում էլ կարելի է բախվել նույն խնդրին, որ ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը պատշաճ ուսումնասիրությամբ չի ուղեկցվում: Դրա վառ ապացույցներից մեկն է այն, որ ՊԵԿ-ը այս գծով չի օգտագործում վարչարարությամբ նախատեսված ողջ գործիքակազմը՝ օրինակ 2022 թվականին որևէ անգամ ուսումնասիրությունների ընթացքում չեն ներգրավվել մասնագետներ և չի իրականացվել որևէ փորձաքննություն: Մինչդեռ մի շարք ոլորտներում՝ շինարարություն, առողջապահություն և ինչու չէ նաև մնացյալ ոլորտներում կարող են տեղի ունենալ խողաթյուրումներ՝ մասնավորապես անապրանք փաստաթղթեր ստանալու, գործունեության հետ չառնչվող ապրանքներ և/կամ/ ծառայություններ ստանալու մասով:

Մեկ անապրանք փաստաթղթի հայտնաբերմամբ կարելի է գտնել մի շարք սխեմաներ կամ դեպքեր, իսկ թե որտեղից են գալիս այդ անապրանք փաստաթղթեր մատակարարողների ԱԱՀ-ի գերավճարները, դա արդեն կարծում եմ լրացուցիչ վերահսկողության առարկա է:

Պետք է հստակ ուսումնասիրել նաև ԱԱՀ-ի հաշվանցման (դեբետագրման) սահմանափակումները:

Դեպքեր կան, երբ վերջնական սպառող ֆիզիկական անձի փոխարեն, դե յուրե վերջնական սպառող է հանդիսանում  իրավաբանական անձը:

Դեպքեր կան, երբ վաճառքները տեղի են ունենում շուկայական գների կոպիտ խախտումներով, որից առաջացած բացասական ԱԱՀ-ն վերադարձվում է:

Վերահսկողության ոչ պատշաճ իրականացման պատճառները շատ են, որոնք առանձին վերլուծության առարկա են:

Եվ ընդհանրապես, եթե տնտեսությունը մեծանում է, հետևաբար մեծանում է նաև վերահսկողության ենթակա սուբյեկտների ծավալը և հետևաբար մոտ համամասնությամբ պետք է մեծանա նաև վերահսկողների քանակը կամ կիրառվի հսկողական գործառույթների ավտոմատացում:

Վերահսկողության պատշաճ մակարդակը ոչ միայն ուղիղ ազդեցություն ունի պետական եկամուտների հավաքագրելիության գործում, այլ նաև ստեղծում է հավասար պայմաններ բիզնեսի համար»,-մանրամասնում է Սերգեյ Մուրադյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել