Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից դատական ակտը հրապարակելուց հետո գործով պատասխանող հանդիսացող Նաիրի Հոխիկյանը հանդես է եկել դատավորի հասցեին զրպարտչական և վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ։
Այս մասին հայտնում են Դատական դեպարտամենտից։
«Պատկան մարմինների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Նաիրի Հոխիկյանի կողմից առերևույթ թույլ է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածով նախատեսված արարք, այն է՝ դատարանի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արտահայտվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով, մասնավորապես՝ հնչեցվել են անհիմն և մերկապարանոց հայտարարություններ՝ «իշխանությունից իջեցված անօրինական պատվեր կատարելու» և «նվազագույն տղամարդկություն չցուցաբերելու» վերաբերյալ։
ՀՀ-ում գործում է եռաստիճան դատական համակարգ և կա դատական ակտերը բողոքարկելու հնարավորություն, հետևաբար, հորդորում ենք զերծ մնալ դատական ակտերի օրինականությունն ու իրավաչափությունը կասկածի տակ դնող սիրողական մակարդակի վերլուծություններ, ինչպես նաև դատական իշխանությունը հեղինակազրկող հայտարարություններ անելուց:
Նշենք, որ սույն հրապարակումը կարող է քննիչի համար քրեական վարույթ նախաձեռնելու առիթ լինել»,-ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանը մարտի 29-ին հրապարակել է Վլադիմիր Կարապետյանն ընդդեմ Նաիրի Հոխիկյանի գործով դատական ակտը, որով ամբողջությամբ բավարարել է Վ. Կարապետյանի հերքման պահանջը, իսկ փոխհատուցման պահանջը բավարարել է մասնակի: