Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պաշտպանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որի համաձայն սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից այդ նպատակով դիմելու, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայր նշանակման, ծառայության ավատից հետո պատվովճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները:
Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծի համաձայն՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը կլրացվի նոր՝ 19.1-ին հոդվածով, ըստ որի՝
1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիները կարող են համապատասխան տարվա մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնել իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ՝ դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար: Համապատասխան տարվա մարտի 1-ից կամ հոկտեմբերի 1-ից հետո դիմում ներկայացվելու դեպքում իգական սեռի քաղաքացիները ներգրավում են դիմումի ներկայացման օրվանից հետո հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին հաջորդող հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին:
2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և առողջական վիճակի փորձաքննության արդյունքներով պարտադիր զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի կամ բուժման կարիք ունեցող ճանաչվելու կամ սույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տալը) սահմանված ընտանեկան պայմաններ ունեցող իգական սեռի քաղաքացիները ենթակա չեն պարտադիր զինվորական ծառայության:
3. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման հիմքերը) 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիների վրա չեն տարածվում սույն օրենքի 21-րդ հոդվածով (Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու հիմքերը) սահմանված պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու և սույն օրենքի 22-րդ ու 24-րդ հոդվածներով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ դրույթները:
4. Պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համար դիմում ներկայացրած և «Պաշտպանության մասին» օրենքով արական սեռի քաղաքացիների համար սահմանված կարգով զինվորական հաշվառման վերցված իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացվում է սույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով:
5. Զինվորական հաշվառման վերցված և հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու համար սույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ծանուցված իգական սեռի քաղաքացիները կարող են մինչև շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու օրը գրավոր հրաժարվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց, որի դեպքում նրանց վրա չի կիրառվում սույն օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պատասխանատվությունը:
Հավելենք, որ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված է պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու քաղաքացիների պարտականությունը․
1. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչին քաղաքացու ներկայությունն ապահովելու նպատակով համապատասխան զինվորական կոմիսարիատը, իսկ քաղաքացու՝ օտարերկրյա պետությունում բնակվելու և տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունում կամ հյուպատոսական հիմնարկում հաշվառված լինելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպատոսական հիմնարկը քաղաքացուն փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում են զինվորական կոմիսարիատ ներկայանալու պարտավորության մասին՝ ծանուցման մեջ նշելով զինվորական կոմիսարիատ ներկայանալու ժամկետը:
2. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչը հայտարարվելուց հետո սույն օրենքի համաձայն պարտադիր զինվորական ծառայություն անցնելու պարտականություն ունեցող և զորակոչի ենթակա (այսուհետ` զորակոչի ենթակա) քաղաքացիները պարտավոր են ծանուցման մեջ նշված ժամկետում ներկայանալ իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ, իսկ դրա անհնարինության դեպքում՝ առավել մոտ զինվորական կոմիսարիատ:
3. Այս հոդվածով սահմանված պարտադիր զինվորական ծառայության զորակոչին մասնակցելու պարտականության խախտումը քաղաքացիների համար հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 26-րդ հոդվածով սահմանված է շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին ծառայության վայրեր նշանակելու կարգը։
Այս օրենքի 1-ին մասում կսահմանվի, որ հայտարարված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումն իրականացվում է կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողներինն առանց վիճակահանության` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված կարգով։
Կսահմանվի նաև, որ շարքային կազմի պարտադիր զինծառայողները կարող են, իսկ իգական սեռի շարքային կազմի պարտադիր զինծառայողները՝ պարտադիր ուղարկվում են ուղարկվել ուսումնական զորամասեր` ռազմահաշվառական մասնագիտություն ստանալու համար, կամ իրենց դիմումի համաձայն մասնակցել սպայական կամ սերժանտական դասընթացների: Սույն մասում նշված զինվորական պատրաստության ծրագրի կամ դասընթացների անցկացման կարգերն ու ժամկետները սահմանում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը: Նորակոչիկները չեն կարող ընդգրկվել մարտական հերթապահության մեջ կամ ներգրավվել ռազմական գործողությունների: