Կրեմլը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Ռուս խաղաղապահները Ղարաբաղում անում են հնարավոր ամեն ինչ կարգուկանոն և խաղաղություն ապահովելու համար՝ գործելով համաձայնությունների ոգուն և տառին համապատասխան, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ դե ֆակտո՝ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը։

«Ռուս խաղաղապահներն անում են հնարավորը, որպեսզի ապահովեն կարգուկանոն և հանգստություն այն տարածքներում, որտեղ նրանք աշխատում են: Եվ գործում են բացառապես համապատասխան փաստաթղթերի ոգուն և տառին համապատասխան, որոնք ստորագրվել են երկրների միջև: Մենք, իհարկե, մեր հայ գործընկերների հետ կշարունակեն քննարկել այս թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը փակել է Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ մայրուղին, որի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը բանակցություններ է վարում Ադրբեջանի ներկայացուցիչների հետ։

Նիկոլ Փաշինյանը նշել է նաև․ «Իհարկե, նման բան տեղի է ունենում Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանքով, բայց սրանից իրավիճակը չի փոխվում, որովհետև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի ներկայության առանցքային իմաստը հենց դա է՝ թույլ չտալ, որ նման ապօրինություն տեղի ունենա և մասնավորապես՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել