«Բնակչության բժշկական օգնության և սպասարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր զույգ կամ յուրաքանչյուր ոք իրավունք ունի`
ա) որոշել իր երեխաների թիվը և նրանց ծնվելու ժամկետները.
բ) անցանկալի հղիությունից և հղիության արհեստական ընդհատումից խուսափելու նպատակով օգտվել ընտանիքի պլանավորման արդյունավետ և անվնաս միջոցներից ու մեթոդներից, դրանց վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ:
գ) հղիության ընթացքում ստանալ հղիության և ծննդաբերության հետ կապված բժշկական օգնություն և սպասարկում` պետության կողմից երաշխավորված ամենամյա առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում:
Հղիության արհեստական ընդհատումը և բժշկական ամլացումն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կատարվում է կնոջ դիմումի համաձայն:
Հղիության արհեստական ընդհատումը մինչև 22 շաբաթական հղիության ժամկետը կարող է կատարվել բժշկասոցիալական ցուցումների դեպքում՝ կնոջ համաձայնությամբ:
Հղիության արհեստական ընդհատումը կատարվում է հղիության վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով:
Կնոջ դիմումի համաձայն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 5-ի N 1116-Ն որոշման N 2 հավելվածով սահմանված բժշկական հակացուցումների բացակայության դեպքում հղիության արհեստական ընդհատումը՝ մինչև 9 շաբաթական հղիությունը, կատարվում է վիրահատական կամ դեղորայքային ընդհատման միջոցով, իսկ 9-12 շաբաթական հղիության դեպքում՝ միայն վիրահատական ընդհատման միջոցով: