Վարորդը պահանջում էր տույժը սահմանել առավել լուրջ խախտման համար

Ա.Հակոբյանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, hամաձայն հիշյալ որոշման՝ Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 10000 դրամի չափով՝ 24.06.2012թ. Երևան քաղաքի, Սարալանջի փողոցում թույլատրելի 60 կմ/ժ արագությունը գերազանցելու, այն է՝ 79 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։ Վերը նշված որոշումը ստացել է հուլիսի 24-ին։ Բացի այդ, 2012թ. հուլիսի 13-ին Ա.Հակոբյանի նկատմամբ նշանակվել է տուգանք 30000 դրամի չափով՝ 01.07.2012թ. Երևան քաղաքի, Աշտարակի խճուղում թույլատրելի 60 կմ/ժ արագությունը գերազանցելու, այն է՝ 83 կմ/ժ արագությամբ երթևեկելու համար։ Վերը նշված որոշումը հայցվորը ստացել է հուլիսի 24-ին։

Հայցվորի խոսքով հիշյալ որոշումներն ընդունվել են օրենքի խախտմամբ և ենթակա են անվավեր ճանաչման: Մասնավորապես, խախտվել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35 հոդվածի պահանջները։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ «Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում։ Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը»։ Ըստ իրեն ուղարկված որոշումների՝ իրավախախտումները հայտնաբերվել են 2012թ. հունիսի 24-ին և հուլիսի 1-ին, իսկ որոշումները կայացվել են համապատասխանաբար 2012թ. հուլիսի 10-ին և հուլիսի 13-ին։ Այսինքն, կատարված երկու իրավախախտումների համար, որոնց վերաբերյալ գործերը քննվել են միաժամանակ և նույն մարմնի կողմից, տույժը չի սահմանվել առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում, այլ կայացվել են երկու տարբեր վարչական ակտեր և նշանակվել են երկու տարբեր տուգանքներ, յուրաքանչյուրի համար առանձին-առանձին, այսինքն՝ խախտվել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 35-րդ հոդվածի պահանջները։

Հայցվորի խոսքով՝ տվյալ իրավախախտումը ինքը չի կատարել և վարչական վարույթի մասին տեղյակ լինելու դեպքում կարող էր ներկայանալ իրավախախտումը կատարած անձի հետ և ապացուցել, որ իրավախախտումը կատարել է այլ անձ։

Պատասխանողի խոսքով՝ դիրքորոշումը կապված հայցվորի կողմից իր հայցում մատնանշված այն հանգամանքը, որ խախտումն ինքը չի կատարել և եթե տեղյակ լիներ վարչական վարույթների մասին, ապա կկարողանար բերել այդ մարդուն, ով կատարել է խախտումը, անհիմն է, նախ՝ հայցվորը նկատի ունի ոչ թե բողոքարկման վարույթը, այլ սկզբնական վարույթը, սակայն նրան մասնակից դարձնելու պարտավորության վարչական մարմինն ուղղակիորեն չի կրում համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով։

Դատարանը՝ հայցվորի փաստարկներն այն մասին, որ Ծառայությունը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետը` Հայցվորին չծանուցելով վարչական վարույթ հարուցելու մասին և հնարավորություն չտալով արտահայտվելու վարչական վարույթի ընթացքում, անհիմն է համարել: Եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, տույժը նշանակվում է առավել լուրջ խախտման համար սահմանված սանկցիայի շրջանակներում։ Այդ դեպքում հիմնական տույժին կարող է միացվել կատարված իրավախախտումներից ցանկացածի համար պատասխանատվության վերաբերյալ հոդվածներով նախատեսված լրացուցիչ տույժերից մեկը։ Վերը նշված իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը նշանակվում է յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, իսկ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 35-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձի մեկ արարքը կամ միաժամանակ հայտնաբերված արարքներն իրենց մեջ ներառում է երկու կամ ավելի զանցակազմերի հատկանիշներ (իդեալական համակցություն), որպիսի իրավախախտումների վերաբերյալ հարցը քննարկվում է միևնույն վարչական վարույթի շրջանակներում։ Հակառակ վերլուծության պայմաններում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ անձը կատարելով մեկ իրավախախտում, որի համար նախատեսված է ավելի բարձր տուգանքի չափ և որի վերաբերյալ վարչական մարմնի վարույթում քննվում է գործ, կարող է կատարել ավելի նվազ տուգանք նախատեսող ևս մի քանի իրավախախտումներ և ազատվել դրանց կատարման համար պատասխանատվությունից, ինչը կհակասի վարչական տույժի նպատակներին, մասնավորապես` նոր իրավախախտումների, այդ թվում նաև` երթևեկության կանոնների խախտումների կանխմանը։

Բացի այդ, երկու տարբեր իրավախախտումների վերաբերյալ (որոնք կատարվել են տարբեր օրերի) միևնույն ժամանակահատվածում (ընդ որում, ժամանակահատվածը մասնակի է համընկնում), միևնույն վարչական մարմնում գործերի քննությունը, չի կարող նույնացվել «գործերը միաժամանակ նույն մարմնի (պաշտոնատար անձի) կողմից» քննվել հասկացության հետ, քանի որ դրանք լիովին տարբեր վարույթներ են, տարբեր ժամանակներում կատարված և հայտնաբերված իրավախախտումների համար և կարող են քննվել տարբեր պաշտոնատար անձանց կողմից։

Ուստի դատարանը վճռել է հայցը մերժել։

Սույն գործի վարույթը ներկայումս շարունակվում է ՀՀ վարչական վերաքննիչ դատարանում՝ հայցվոր կողմի բողոքի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել