Սպառողը 6 ամիս առանց ջրաչափի է ջուրն օգտագործել, ինքնակամ գումար վճարել․ «Վեոլիա Ջուրն» ամիսներ շարունակ չի տեղադրել ջրաչափը

Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի առաջին փողոցի տներից մեկի բանկչուհի Հռիփսիմե Ասատրյանը շուրջ 6 ամիս ջուրն օգտագործել է առանց ջրաչափի, քանի որ, ինչպես ինքն է նշում՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունն իր խնդրին արագ չի արձագանքել: Iravaban.net-ի հետ զրույցում նա նշեց, որ չնայած ջրաչափի բացակայության, այդ ամիսների ընթացքում բարեխղճորեն և ինքնակամ գումար է վճարել՝ օգտագործած ջրի համար։

«Ջրաչափը պայթել էր, ես տանը չէի, իսկ երբ եկել, նկատել եմ, անմիջապես զանգել և զգուշացրել եմ խնդիրների մասին: Այդտեղից սկսվեցին խնդիրները: Շուրջ 6 ամիս անց, նոր փոխեցին ջրաչափը: Ես պահանջեցի, որ ջրաչափը լաբորատոր ստուգման ուղարկեն, իրենք չուղարկեցին, ասացին՝ ամեն ինչ նորմալ է, թող գան սարքեն ու վերջ: Ի վերջո, դիտահորը ես սարքեցի, իրենք եկան տեղադրումն արեցին, վնասված ջրաչափը հանեցին, գցեցին աղբարկղը, գնացին: Վերջում էլ, առանց լաբորատոր փորձաքննության, գրեցին, թե՝ ձեր կողմից վնասվել է»,-պատմեց նա:

Հռիփսիմե Ասատրյանը նշում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունն իրեն որևէ արձանագրություն չի ներկայացրել, ինքը որևէ փաստաթուղթ չի ստորագել։

«Իրենք առանց ինձ որևէ բան ներկայացնելու արձանագրություն էին կազմել ու գրել էին, որ ես հրաժարվել եմ ստորագրել, այնինչ ես տեղյակ չեմ եղել»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունից իրեն 2019 թվականի նկար են ուղարկել և ասել են, որ այդ նկարում պարզ երևում է, որ ինքն է վնասել ջրաչափը:

«Ասացին, որ իմ կողմից վնասված է եղել, մինչև պայթելը: Ես էլ ասացի, որ 2019 թվականին նախ ես սեփականատեր չեմ եղել, հետո 2019 թվականի նկարը որպես փաստ 2021-22 թվականներին չեն բերում, հետո, եթե տեսել են, որ վնասված է, ինչո՞ւ մինչև այդ իրենց հարցերը չեն լուծել, և այդ փաստը պատճառ հանդիսացավ, որ նախկին սեփականատիրոջ օրոք եղած վնասներն ինձ վրա չբարդեն և դրա հիման վրա Հանրային ծառայությունների կողմից գրություն ստացան և չեղյալ համարեցին ակտը»,-ասաց նա:

Սպառողը տուգանվել էր 150 հազար դրամի չափով․ «Ես բողոքարկեցի ու ընդունվեց բողոքարկումս։ Տուգանքը չեմ վճարել։ Ուզում եմ, որ մարդիկ կարողանան նվազագույն կերպով տիրապետեն իրենց իրավունքներին»:

Հռիփսիմե Ասատրյանը նշում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից առաջացած խնդիրների «պատճառով» որոշել է իրավաբան դառնալ:

«Ճիշտ է՝ իմ խնդիրը լուծվել է, բայց ես ցանկանում եմ պայքարել անարդարության դեմ, քանի որ իմ շրջապատում էլ շատ կան մարդիկ, ովքեր տուժել են «Վեոլիա Ջրի» աշխատանքից»,-նշեց նա։

———————————

Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ բողոք ունեք ջրի որակի, ջրանջատման, ջրամատակարարման վերաբերյալ՝ կարող եք գրել ֆեյսբուքյան մեր էջին, ուղարկել տեսանյութ (օր․՝ ծորակից հոսող ոչ մաքուր ջուր․․․) կամ լուսանկար, նշել հասցե:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել