«Մենք 2 տարի առաջ վերջապես «Դինգո թիմ»-ի կացարանում ջուր քաշեցինք, ինչպես բոլորիդ գիտեք։ 2 տարվա մեջ պարբերաբար ստուգում էի ջրի պարտքը, միշտ 0 էր, սակայն մանր-մանր վճարումներ էի անում, որ իբր պարտքը չկուտակվի (համարյա 50000 դրամի վճարում)»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու նախկին անդամ Օվսաննա Հովսեփյանը։
«Օգոստոսի վերջին հայտնվում է տեսուչը, խնդրում ջրաչափի թվերը նկարել, ուղարկել։ Նկարում ուղարկում ենք, ու վուալյա, տեսուչն ասում է՝ ունենք 1 միլիոն 30 հազար դրամ պարտք։
Պատկերացնու՞մ եք մեր շոկը։ Հաշվում ենք մոտավոր, ամիսների մեջ բաժանում ու ասում դե լավ, երևի շատ է օգտագործվում։
Օրեր անց IDram-ով ստուգում եմ, պարզվում է՝ պարտքը 860000 դրամ էր։ Մի խոսքով, զանգում եմ «Վեոլիայի» թեժ գիծ, բացատրում, որ դա մեզ համար շատ մեծ գումար է, ու միայն մեր մեղքով չի այդպես կուտակվել։ Չէ՞ որ իրենք 2 տարի մեզ ոչ մի թիվ չեն ներկայացրել, որ ես ամսական մուծեմ, ու մեկ էլ հանկարծակի նման թիվ։
Թեժ գծից ասում են՝ գնացեք ձեր տեղամասային գրասենյակ, դիմում գրեք, մուծեք ամսական գումարի հետ քիչ-քիչ։
Այսօր տեսուչի հետ խոսելիս ասում ենք, որ պետք է գանք դիմում գրենք, որ կարողանանք ամսական մուծելով այդ պարտքը մարել, որը միայն մեր մեղքով չէ, որ կուտակվել է։
Տեսուչը խրտնում է, թե բա իրենք կապ չունեն, ինքը 2 տարի շարունակ զանգել է աշխատակիցների մեկի հեռախոսին, ասել են սխալ եք զանգում (ինչը բացառված է, քանի որ այդ համարին 2 տարի բոլորն ինտենսիվ զանգել են ու չէր կարող համարին 2 տարի ուրիշ մարդ պատասխանել, դրան կան հարյուրավոր վկաներ իրենց ամենօրյա զանգերով)։ Թե բա չկա նման բան, հնարավոր չի էդ գումարը բաժանել ամիսների, տենց դիմումներ չկան։ Իբր խոսում է պետի հետ, թե բա պետն ասեց՝ հենց հիմա ջրերը կտրի․ «Ես այսօր ձեր ջրերը կտրում եմ»։
Քիչ անց մենք կգնանք ու անձամբ կհանդիպենք պետին։ Սակայն սա թող մնա էստեղ, քանի որ տեսուչի անբարեխիղճ աշխատանքի արդյունքում, երբ մեզ ամեն ամիս պիտի ներկայացվեր պարտք, մենք այսօր կանգնել ենք 860 հազար դրամ միանգամից մուծելու փաստի առաջ։
Հարգելի «Վեոլիա Ջուր», կարծում եմ՝ հասկանում եք՝ ինչ հետևանքների կբերի «Դինգո Թիմ» կացարանի 200 շներին առանց ջրիր թողնելն այն դեպքում, երբ այս իրավիճակը առնվազն 50%-ով ձեր մեղքով է, և մենք չենք հրաժարվում վճարելուց, ընդամենը խնդրում ենք վճարել մաս-մաս»,-նշել է նա։