Ես ձեզ խոսք եմ տալիս՝ մենք ամեն օր կհարձակվենք նրանց վրա․ Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Ուկրաինան համարում է Ռուսաստանի տարածք։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նա նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումներից պաշտպանվելու փոխարեն ռուս զինվորականներն այժմ «կգրոհեն ամենուր»։

«Ես ձեզ խոսք եմ տալիս՝ մենք ամեն օր կհարձակվենք նրանց վրա։ Մեր տարածքը Զապորոժիեն չէ, Խերսոնը չէ, մեր տարածքը` Օդեսան է, Կիևն է, Խարկովն է, բոլոր շրջաններն են և Ուկրաինան ամբողջությամբ մեր տարածքն է, ռուսական: Մենք արդեն որոշել ենք ոչ թե պաշտպանվել, այլ հարձակվել ամենուր: Այդպես էլ կլինի»,-ասել է Կադիրովը։

Բացի այդ, նա ռուսաստանցիներին կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերից, որպես ավար, խլել զենքն ու համազգեստը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել