Բողոքը պետք է Մարդու իրավունքների պաշտպանին տրվի մեկ տարվա ընթացքում այն օրվանից, երբ դիմողն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքների և հիմնարար ազատությունների խախտման մասին:
Նշենք, որ բողոքի համար որևէ հատուկ ձև չպետք է սահմանվի, սակայն բողոքում պետք է նշված լինեն դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը (հասցեն) կամ իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը:
Բողոքում պետք է նշվեն նաև մարդու խախտված կամ խախտվող իրավունքների և հիմնարար ազատությունների մասին տեղեկությունները:
Եթե դիմողն ունի գործի պարզաբանման և լուծման համար անհրաժեշտ փաստաթղթեր, ինչպես նաև բողոքի հետ կապված դատական կամ վարչական կարգով ընդունված ակտեր, ապա դրանք կարող են կցվել բողոքին:
Ձերբակալված, նախնական կալանք կամ քրեական պատիժն իրականացնող հիմնարկներում պատիժը կրող, ինչպես նաև այլ հարկադրական պահման վայրերում գտնվող անձի կողմից Պաշտպանին ուղղված բողոքները և այլ փաստաթղթեր ենթակա չեն ստուգման ու որևէ գրաքննության:
Դրանք այդ հիմնարկների վարչակազմերի կողմից 24 ժամվա ընթացքում պետք է ուղարկվեն Պաշտպանին:
Պաշտպանին ուղղված բողոքներն ընդունող մարմինը պարտավոր է դիմողի պահանջով վերջինին տրամադրել հավաստագիր (ստացական)` բողոքի ստացման մասին:
Պաշտպանին ուղղված բողոքների համար պետական տուրք չի գանձվում: