Սասուն Ե․-ն հասել է Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղ և քանի որ քաղցած է եղել, որոշել է ապօրինի մուտք գործել Նարինե Վ-ին պատկանող խանութ․ այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ տղամարդը մուտք է գործել խանութ և այնտեղից հափշտակել է 60000 դրամ գումար և 10000 դրամ արժողությամբ տարբեր տեսակի ապրանքներ:
Գործը դատարան է ստացվել ապրիլի 25-ին և մակագրվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանին։
Սասուն Ե․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կոտի (գողությունը, որը կատարվել է պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) հատկանիշներով։
Տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։
Դատարանը վճռել է ամբաստանյալ Սասուն Ե.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքում և դատապարտել ազատազրկման՝ 2 տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի (Պատիժը պայմանականորեն չկիրառելը) կիրառմամբ՝ ամբաստանյալ Սասուն Ե.-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով: