ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Մարդու իրավունքների խորհրդից Ռուսաստանին հեռացնելու մասին բանաձև է ընդունել 

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ժամանակ այսօր՝ ապրիլի 7-ին, ընդունել է Արևմուտքի բանաձևը, որի համաձայն Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցվել է: Այս մասին դեպքի վայրից հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալության թղթակիցը։

Որոշմանը կողմ է քվեարկել 93, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 58-ը։ Փաստաթղթի ընդունման համար պահանջվել է քվեարկությանը մասնակցողների ձայների երկու երրորդը, իսկ ձեռնպահները հաշվի չեն առնվում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ «կողմ» կամ «դեմ» է քվեարկել 117 պատվիրակություն։ Քանի որ 93-ը այդ թվի երկու երրորդից ավելին է, բանաձևն ընդունվել է։

Նշենք, որ Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին, որ նման քայլերը համարում են քաղաքական դրդապատճառներ՝ հղի ՄԱԿ-ի համակարգի համար կործանարար հետևանքներով։ Ռուսաստանի անդամակցությունը կասեցնելու որոշումը կտարածվի միայն գործող ռոտացիայի վրա, այսինքն՝ մինչև 2023 թվականին Ռուսաստանի Դաշնության խորհրդի կազմում գործող ժամկետի ավարտը։ Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը կարող է կրկին դիմել անդամակցության համար:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել