Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա մարտի 2-ին

Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը պետք է կայանա վաղը՝ մարտի 2-ին, ինչպես կողմերն ի սկզբանե պայմանավորվել էին։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС լրատվական գործակալությունից։

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում ռուս-ուկրաինական բանակցություններ են տեղի ունեցել, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ նա ասել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։ Մեդինսկին հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները նախապես պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բելառուսում։

____________________

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել