Սա ոչ մի անվտանգային խնդիր չի առաջացնի. Հայկ Սարգսյանը՝ զոհված զինծառայողների եղբայրներին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին

«44-օրյա պատերազմից հետո, երբ ես և եղբայրս այցելում էինք զոհված զինծառայողների ընտանիքներին: Մեկ-երկու ընտանիքում հանդիպել ենք դեպքի, երբ զոհված զինծառայողի ծնողները, նշել են, որ խնդիր ունեն, ունեն ևս մեկ զավակ, որ առաջիկայոմ պետք է զորակոչվի բանակ և հաշվի առնելով, որ նրանք նոր են կորցրել իրենց մյուս որդուն, ունեն հոգեբանական լուրջ խնդիր, վախ ունեն և չեն ցանկանում, որ իրենց կրտսեր որդին ևս մեկնի պարտադիր զինվորական ծառայության»,-այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը ներկայացնելու ժամանակ ասաց Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշեց, որ այդ խնդիրը նաև ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քննարկել են և վարչապետն ասել է, որ կհանձնարարի Պաշտպանության նախարարությանը զբաղվել այս խնդրով:

«Հիմնական մտահոգությունն այն է եղել, որ սա լուրջ հարված կլինի մեր պաշտպանությանը: Իմ ձեռքի տակ կան թվեր, որոնցից պարզ է դառնում, որ սա ոչ մի անվտանգային խնդիր չի առաջացնի: Առաջիկա զորակոչին նախատեսվում է, որ այս օրենքի շահառու կլինի տասը քաղաքացի: 2022 թվականի ձմռան զորակոչին 17 քաղաքացի է օգտվելու այս օրենսդրական փոփոխությունից, 2023 թվականի ամառային զորակոչին 11, իսկ ձմեռային զորակոչին 14 զորակոչիկ: Այսինքն՝ առաջիկա 4 զորակոչերի ընթացքում 52 հնարավոր շահառու ենք ունենալու, ովքեր օրենքի ընդունման դեպքում կստանան հնարավորություն՝ ազատվելու պարտադիր զինվորական ծառայությունից»,-նշեց պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ներկայիս օրենքով այս շահառուները ազատված են մարտական հերթափոխ իրականացնելուց, մարտական խնդիր չեն կատարում:

«2021 թվականի զորակոչի ընթացքում 27 նման քաղաքացի է եղել, որից 18-ը ստացել են տարկետում, 5-ը ազատվել են այլ խնդիրներով և 4-ը զորակոչվել են ծառայության: Ստացվում է, որ օրենքն անգամ եթե չի ընդունվում այս զորակոչիկները չեն ծառայում»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Պատգամավորը նշեց, որ այս պահի դրությամբ կան 16 զինծառայող, որոնք ընտանիքի միակ արու զավակն են, իսկ եղբայրը զոհվել է պատերազմում: Օրենքի ընդունման դեպքում կարող են օգտվել դրանից:

«Սա լինելու է իրավունքի տեսքով, այսինքն եթե զորակոչիկը ցանկանա, կարող է մեկնել պարտադիր ծառայության»,-ասաց Հայկ Սարգսյանը:

Հշեցնենք, որ Կառավարությունը փետրվարի 17-ի նիստում օրենքի նախագծին հավանություն է տվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել