Իրականում մենք հիմա ականատես ենք լինում ոչ դասական նիստի: Սա դատական համակարգի վերջին մեխն է, որը խփում են: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի դիմաց, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Սա դատական համակարգի և դատախազների հարաբերությունների լրիվ փոփոխությունն է: Դուք այլևս տեսնելու եք, որ դատախազները ոչ թե մտածելու են Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններ բողոք գրելու մասին, այլ այն դատական ակտերը, որոնք իրենց դուր չի գալու, իրենք գալու են ԲԴԽ, որից հետո էլ կհայտնվեն այստեղ»,- ասաց Վարդևանյանը:
Նրա խոսքով՝ սա ոչ թե վեթինգ է, այլ տեռոր՝ դատական համակարգի նկատմամբ:
«2016 թվականին, երբ ՊՊԾ գնդի ճգնաժամը ունեինք, այն պայմանաներում, որ հենց այդ ժամանակ նույնիսկ կային իրավապահ մարմնի մահացած ներկայացուցիչներ՝ Եվրոպայի միության և ԱՄՆ դեսպանները հայտարարություններ էին տարածել, որ իրավունքի գերակայությունը պարտադիր պետք է հարգվի: Ի վերջո Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ամենից շատն է շահագրգռված, որ այստեղ լինի ժողովրդավարության բարձր մակարդակ և դատավորներին չբերեն կալանավորելու ամենաանհեթեթ մեղադրանքներով»,- նշեց պատգամավորը:
Նա նշեց նաև, որ այստեղ դատավորի անձը որևէ հատուկ նշանակություն չունի․ խոսքը գնում է ամբողջ դատական համակարգի նկատմամբ իրականացված ոտնձգության մասին:
«Այս իշխանությունները շատ հստակ ցույց են տվել, որ իրենք անհանդուրժող են դատական համակարգի անկախության նկատմամբ, բայց սա արդեն լրիվ այլ որակ է»,- ասաց Վարդևանյանը:
Նշենք, որ այս պահին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, դատավոր Դավիթ Արղամանյանի նախագահությամբ քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։