Ամոթազուրկ դատավորների կոհորտան ինտենսիվ ընդլայնվում է․ Արթուր Ղամբարյան

Կարդացի դատավոր Բախշիյանի որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյանը։

«Ին՞չ պետք է անի դատարավոր, եթե ամբաստանյալը չարամտորեն չի ներկայանում դատական նիստին։ Դա կարող է առաջացնել երկու իրավական հետևանք՝ խափանման միջոցը խստով փոխելը (դատավարական պատասխանատվության միջոց) կամ ամբաստանյալին բերման ենթարկելը։ Այս այլընտրանքային որոշումներից որևէ մեկի կայացումը կախված է ամբաստանյալի հակաիրավական վարքագծի բնույթից և պարբերականությունից։

Ամբաստանյալի հակաիրավական վարքագծի դեպքում, նրա բացակայությամբ դատական նիստ անցկացնելը և խափանման միջոցը փոխելը չի խախտի նրա լսված լինելու իրավունքը, եթե նրա հակաիրավական արարքն այնպիսին է (պարբերականություն կամ վերջնական փախուստը, նիստին չմասնակցելու նրա կամահայտնության հստակություն և այլն), որից ակնհայտ է, որ ամբաստանյալն այդ արարքով փաստացի հրաժարվել է դատական նիստին մասնակցելու իրավունքից (իրավունքի կորուստ)։ Այս մասին երկար խոսելու կարիք չկա, տես Гамбарян, А. С. Отказ от права и вопросы уголовно-процессуального вмешательства /– Москва : Издательство “Юрлитинформ”, 2018. – 352 с.)։ Այնուամենայնիվ, չպետք է ընկնել նաև հակառակ ծայրահեղության մեջ և ամբաստանյալի՝ ամեն չնչին առիթով նիստին չմասնակցելը համարել կալանք կիրառելու հիմք։

Դատավոր Բախշիյանի դեպքում՝ դատական ակտի օրինականությունը կախված է գործի հանգամանքներից, սակայն այն, որ այդ որոշումը դատախազությունը չի բողոքարկել, բավարար է պնդելու, որ դատախազությունը այն համարել է օրինական, հակառակ դեպքում՝ այն չբողոքարկելու այլ պատճառ (բացառությամբ դատախազի հանցավոր անգործությունից) չէր լինի։ Չբողոքարկելու մասին մնացյալ արդարացումներին պետք է հակադարձել ոչ թե կոշտ բառերով, այլ լուռ ժպիտով, քանի որ «արդարացողներն» էլ քաջ գիտակցում են իրավիճակը։

Այս պայմաններում կարգապահական վարույթը, թերևս կարող էր տեղավորվեր վերջին տարիներին, բոլորիս համար արդեն սովորական դարձած, դատավորների կարգապահական տեռորի քաղաքականության մեջ։

ԲԱՅՑ, դատախազի կողմից չբողոքարկված դատական ակտի համար, նույն դատախազության կողմից դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելը և ԲԴԽ-ի կողմից այս ամենը թույլատրելը չի տեղավորվում նույնիսկ մաքիավելականության բարոյազուրկ սկզբունքների մեջ։ Լա՛վ, այս գործով ԴԱՏԱՎՈՐԻՆ կալանավորելու թույլտվություն ․․․

Այս ամենի վերջնարդյունքը պարզ է՝ իրենց շքից առանց այդ էլ վախեցած դատավորները ահաբեկված են, նրանք (մասնագիտական արժանապատվության և կորպորատիվ դիմադրության փոխարեն) սկսել են հրատապ սերտել նեոմացոյականության գաղափարախոսությունը։ Ամոթազուրկ դատավորների կոհորտան ինտենսիվ ընդլայնվում է»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել