Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի կարգադրությամբ՝ Զինված Ուժերի բոլոր ծառայողները ստացել են պարգևավճար։
Իսկ նույն ժամանակ` Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր հետևողականության շնորհիվ միայն Պաշտպանության նախարարության ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար է ստացել։
Տիկին Թովմասյան, հեշտ է խոսել մի բանի մասին, ինչը պետք է արվեր և արվել է, հեշտ է լավամարդ լինել մի տեղ, որտեղ մարդիկ, ուղղակի, իրենց գործն են արել, որովհետև այդպես պետք է անեին առանց միջնորդությունների և, ինչ-որ էժան, լավամարդ լինելու։
Ո՞նց է լինում, որ միշտ Ձեր հետևողականության շնորհիվ է հարց լուծվում, ո՞նց եք ողջ ԶՈՒ խնդիրները տանում Ձեր կանացի, փխրուն ուսերին։
ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ի դեպ, տիրապետում է իր նախարարության հոգսերին ու կարիքներին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի մոտ փոխհրաձգություն է սկսվել։
Այս պահին տիրող իրավիճակի մասին հավաստի լուրեր իմանալու համար անմիջապես կապվեցի Գեղամասար համայնքի ղեկավարի՝ Հակոբ Ավետյանի հետ։
Համայնքապետը նշեց, որ այս պահին իրավիճակը լարված է, գյուղում լսելի են կրակոցների ձայները, և խոսվում է մեկ զոհի մասին։
Հետեւողականորեն սպասում եմ ՊՆ պաշտոնական հայտարարությանը. միգուցե լարվածության այլ օջախներ էլ կան»:
Ինչպես արդեն հայտնել էինք, Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է սկսվել:
Արդյոք տուժածներ կան, թե ոչ հարցին պաշտպանության նախարարությունից պատասխանել են, որ տվյալները ճշտվում են:
Նշենք, որ իրավիճակի հետ կապված զարգացումների և զոհերի ու վիրավորների մասին հարցին ի պատասխան՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից Իրավաբան․net-ին հայտնեցին, որ քիչ հետո կհրապարակվի հայտարարություն։