Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզողը դատապարտվել է ազատազրկման

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը հրկիզելու և «Իմիջ ՄԳ» ՍՊԸ-ին, որին պատկանում էր պաստառը, 85.050 դրամի նյութական վնաս պատճառելու համար Ս. Ջ.-ն մեղավոր է ճանաչվել և դատապարտվել ազատազրկման՝ 6 ամիս ժամկետով։

Նշենք, որ դատավճիռը կայացվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի դատավոր Թաթուլ Պողոսյանի կողմից:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Ս. Ջ.-ն 2021 թվականի մայիսի 8-ին, ժամը 17:00-ի սահմաններում Արարատ քաղաքում պտտվելիս նկատել է Շահումյան փողոցում գովազդային վահանակի վրա փակցված ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը:

Մեղադրական եզարակացության համաձայն, քանի որ Ռոբերտ Քոչարյանին որպես քաղաքական գործիչ չի ընդունել, ցանկացել է վնասել այդ պաստառը, որպեսզի հանեն գովազզդային վահանակի վրայից և որոշել է հրկիզել: Գնացել է իր ավտոտնակ, կես լիտրանոց պլաստմասե շշով բենզին ու կտորներ վերցրել: Վերջինս իր հետ է վերցրել նաև լար, որպեսզի շորերի և լարի օգնությամբ հրկիզի պաստառը:

Մայիսի 9-ին ժամը 00:30-ի սահմաններում միայնակ գնացել է գովազդային պաստառի մոտ, շորերը կապել լարին, փաթաթել քարի մեջ, այնուհետև քարի օգնությամբ շորի կտորը նետել է վահանակի վրայով դեպի մյուս կողմ, իջեցրել ներքև, բենզին լցրել և հրկիզել: Հետո լարն այնքան է քաշել, որ այրվող կտորը հասնի և դիպչի պաստառին, լարը կապել է մայթին առկա երկաթին և գնացել տուն:

Ս. Ջ.-ն իր նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ ուշ ժամ է ընտրել, որպեսզի փողոցով անցնող ավտոմեքենա չլինի և որևէ այլ ավտոմեքենա չվնասվի: Վերջինս նույն օրը առավոտյան ժամը 11:00-ի սահմաններում գնացել է հիշյալ վահանակի մոտ և տեսել, որ իր կողմից հրկիզված պաստառի վրա վնասվել է Ռոբերտ Քոչարյանի դեմքի հատվածը:

Իր նախաքննական ցուցմունքում Ս. Ջ.-ն հայտնել է նաև, որ 1990-ական թվականներին մասնակցել է ԼՂՀ ինքնապաշտպանական մարտերին, 2016 թվականի ապրիլյան պատերազմին և 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծավալված Արցախյան 44-օրյա պատերազմին, ունի համապատասխան վկայականներ, մեդալներ, որոնց պատճեները ներկայացրել է քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում:

Կատարած հանցավոր արարքի համար Ս. Ջ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով ու զգալի չափերի վնաս է պատճառել։ Նա ազատազրկման է դատապարտվել 6 ամիս ժամկետով։

Հաշվի առնելով, որ ամբաստանյալն առաջին անգամ է կատարել միջին ծանրության հանցանք, նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրական, 1990-1994 թվականերին մասնակցել է Արցախյան պատերազմին, 2016 թվականի ապրիլյան քառօրյա և 2020 թվականի 44-օրյա պատերազմներին, պարգևատրվել է «Մայրական երախտագիտության», «Վազգեն Սարգսյան», «Գարեգին Նժդեհի» մեդալներով, Հայաստանի Երկարապահ հուշամեդալով, դատարանը որոշել է վերջինիս նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել և սահմանել փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:

Ս. Ջ.-ի կողմից որպես գույքին պատճառված վնասի փոխհատուցում դատախազության հաշվին վճարված 85.050 դրամը պետք է փոխանցվի «Իմիջ ՄԳ» ՍՊԸ հաշվեհամարին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել