Տեղի ունեցածը գնահատում ենք քաղաքական, քաղաքավարական և բարոյական բոլոր սկզբունքների դեմ կատարված քայլ․ Հանուն Հանրապետության

Հանուն Հանրապետության Կուսակցության Քաղաքական խորհուրդը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հանուն Հանրապետության կուսակցության Քաղաքական խորհուրդը` հավատարիմ մնալով իր արժեքներին, սկզբունքներին և ավելի վաղ արված հայտարարություններին, մասնավորապես, առ այն, որ դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններից հետո Տեղական ինքնակառավարման մարմիններում պատրաստ է համագործակցել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի վերադարձն ու վերարտադրությունը մերժող, բացառապես գաղափարական ընդհանրություն ունեցող քաղաքական ուժերի հետ, հաշվի առնելով ս․թ․ դեկտեմբերի 21-ին տեղի ունեցած՝ Նոյեմբերյան խոշորացված համայնքում ձևավորված ավագանիների խորհրդում քվեարկության արդյունքները և Հանուն Հանրապետության Կուսակցության խմբակցության դրսևորած դիրքորոշումը, հայտարարում է․

– դեկտեմբերի 21-ին Համայնքի նորընտիր ավագանու քվեարկությունը Հանուն Հանրապետության կուսակցության խմբակցության կողմից համաձայնեցված չի եղել Կուսակցության Քաղաքական խորհրդի հետ։ Տեղի ունեցածը գնահատում ենք քաղաքական, քաղաքավարական, մարդկային ու բարոյական բոլոր սկզբունքների դեմ կատարված քայլ։

– Կուսակցությունը դատապարտում է կուսակցության ղեկավարության հետ չհամաձայնեցված քվեարկությունը՝ տեղի ունեցածը գնահատելով որպես տեղական կառույցի մասնակցություն՝ քրեա-օլիգարխիկ ռևանշիզմի դրվագային և հատվածային դրսեւորմանը։

Այսու Նոյեմբերյան խոշորացված համայնքի Հանուն Հանրապետության կուսակցության անդամներին, համախոհներին տեղեկացնում ենք, որ Կուսակցությունը խզում է բոլոր կապերը նախկին քրեաօլիգարխիայի քողարկված մաս կազմող Ապրելու երկիր կուսակցության ռեևանշիստական լոկալ խմբակի թեկնածուին քվեարկած Հանուն Հանրապետության կուսակցության խմբակցության հետ։ Հետայսու, Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանիում Հանուն Հանրապետության խմբակցություն գոյություն չունի։ Կուսակցությունը ներկայացված չէ Նոյեմբերյան խոշորացված համայնքի ավագանիում։ Ստեղծած կացության համար հայցում ենք քաղաքացիների եւ մեր ընտրողների ներողամտությունը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել