ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ․ փաստաբան

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«2021թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի(անձի նկատմամբ բռնություն գործադրելով զուգորդված խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով։

Լիահույս եմ, որ վարույթն իրականացնող մարմինը կիրականացնի օբյեկտիվ նախաքննություն»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ԱԺ-ում տեղի ունեցավ միջադեպ, հնչեցին հայհոյանքներ։

Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի օգնականը լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց, որ իրենց խմբակցության տղաներին քաշել են մի կողմ ու ծեծել, հայհոյել։

«Ես գնում էի մեր աշխատասենյակ, ես ջարդուփշուրի ձայներ եմ լսում, հասկանում եմ, որ մեր տղաներն էնտեղ պետք է լինեին, վազում եմ, տեսնում եմ իրենք, տղամարդուն վայել իրենց վիճակով մեր տղաների հետ իբրև թե խոսակցության են եղել սենյակում, հավաքվել են ծեծել են տղաներին։

Ես մենակ ճանաչում եմ Հրաչյա Հակոբյանին, Վահագն Ալեքսանյանին, Սիսակ Գաբրիելյանն այնտեղ էր, որ ճանապարհին տեսա։ Ես վազեցի, որովհետև ես մենակ էի, մեր տղաներին ծեծում էին։ Ոչ մեկ ոչ մի բանով չի զբաղվում, ոչ մեկ ոչ մի բան չի անում, եթե ես չխնդրեի իմ ընկերուհուն, որ գնա մեր տղաներին կանչի, Տարոնին՝ մեր ուսանողական միության վարչության ատենապետին, առանձին քաշել էին․․․»,-ասաց ԱԺ փոխխոսնակի օգնականը։

Նա նշեց, որ տեղյակ չի պատճառներից։ «Ես լսեցի, որ քաշքշուկի ձայն է գալիս, վազեցի տեսնեմ մեր տղաներին ծեծում են, հանում են, դա տղամարդկայնություն չէ։ Հիմա չեմ կարողանում հիշել, ովքեր էին էնտեղ, մեր տղաներին եմ տեսել։ Իրենք հայհոյել են մեր տղաներին բոլորի ներկայությամբ, պետական պահպանության ծառայությունը կանգնած էր, ոչ մի բան չէր անում, իրենք իրենց պատգամավորներով, թափթփուկներով հավաքվել էին, ծեծում էին մեր տղաներին, որովեհտև մենակ այդպես կարող էին։ Երեք հոգով առանձին կանչում ես, նոր հարձակվում ես, բան ունեիք ասելու՝ գայիք առանձին ասեիք»,-ասաց Իշխան Սաղաթելյանի օգնականը։

Նրա խոսքով այդ ամենը տեղի է ունեցել Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում։ Նա ասաց, որ ընդդիմադիր պատգամավորներից ոչ ոք չկար, միայն նրանց օգնականներն են ծեծի ենթարկվել։ «Տարոնին Ղազարյան նորից միջանցքում առանձին բռնեցին ու սկսեցին էլի ծեծի ենթարկել»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել