Ստորև նշեմ մի քանի մարդկանց անուններ, որոնց հետ խոսելը կենսական նշանակություն կունենա Հայաստան-Թուրքիա միջպետական բանակցություններում․ Արսեն Խառատյան

Վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Եթե Ռուբինյանն ու Հայաստանը ուզում են հաջողել

Նախօրեին պարզ դարձավ, որ Հայաստան-Թուրքիա բարձր մակարդակի միջպետական բանակցություններում Հայաստանը ներկայացնելու է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Այս որոշման հարցում գոնե ինձ համար միայն մեկ ռացիոնալ բացատրություն կա. Ռուբինյանը մեծամասնություն ունեցող Քաղաքացիական պայմանագրի վարչության անդամ է, ուստեւ` ուղիղ կապ ունի եւ կարող է ունենալ երկրի վարչապետի ու մնացած բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Ռուբինյանի թուրք պաշտոնակցի վերաբերյալ հայտարարությունը հնչել էր ավելի վաղ: Այս բանակցություններում Անկարան է ներկայացնելու 63-ամյա դիվանագետ Սերդար Քիլիչը, ով շուրջ 3 տասնամյակի դիվանագիտական փորձ ունի, այդ թվում` Թուրքիայի դեսպանի կարգավիճակով Բեյրութում, Տոկիոյում եւ Վաշինգտոնում:

Ակնհայտ է, որ կողմերի ներկայացուցիչների քաշային տարբերությունները չափազանց մեծ են, դրա մասին արդեն իսկ գրվել` ու դեռ կգրվի հայրենական մամուլում: Պարզ չէ, սակայն, թե ինչ օրակարգով, զրույցի կետերով, որտեղ եւ ինչ ձեւաչափով են հանդիպելու պաշտոնյաները, սակայն, եթե Փաշինյանի կառավարությունն իրավամբ հասկանում է տեղի ունեցողի նշանակալիության մակարդակն ու հնարավոր վտանգները, ապա Ռուբինյանը չափազանց մեծ տնային աշխատանքի եւ առնվազն խորհրդակցական թիմի անհրաժեշտություն ունի:

Այսպես ուրեմն, մինչ առաջին հանդիպումը նա առնվազն պետք է ինտենսիվ հանդիպումներ ունենա հայ-թուրքական գործընթացում ներգրավված մեր` հայկական կողմի ծանրքաշայինների հետ: Սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանի տարիներին թուրքերի հետ ուղիղ առնչություններ ունեցած պաշտոնյաներից, մինչեւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի (TARC) անդամներ ու ֆուտբոլային դիվանագիտության շրջանի գործող անձինք:

Քանի որ հույս ունեմ, որ Ժիրայր Լիպարիտյանի հետ ուղիղ կապի խնդիր չկա, ստորեւ նշեմ մի քանի մարդկանց անուններ, որոնց հետ խոսելը կենսական նշանակություն կունենա գործընթացում առնվազն մեծ սխալներից խուսափելու տեսանկյունից:

TARC

Դավիթ Հովհաննիսյան – ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ԵՊՀ պրոֆեսոր
Ալեքսանդր Արզումանյան – Սկանդինավյան երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան
Վան Գրիգորյան – Հայկական Համագումար, ԱՄՆ
Անդրանիկ Միհրանյան – Քաղաքագետ, ՌԴ
Դեյվիդ Ֆիլիպս – ԱՄՆ Կոլումբիայի համալսարան

Ցավոք վերջին 2 տարում կորցրինք մեր լավագույն դիվանագետներից սիրելի Ռուբեն Շուգարյանին եւ Արման Կիրակոսյանին, որոնց խորհրդատվությունն անասելի կարեւոր կլիներ, սակայն նրանց հետ աշխատած դիվանագետներից որոշները վստահաբար կարող են օգտակար լինել: Դիվանագետների և այլ պաշտոնյաների ցանկն իհարկե կարելի է շարունակել:

Անասելի կարեւոր է նաեւ ինտենսիվ քննարկումներ ծավալել քաղաքացիական հասարակության ակտորների հետ: Հատկապես այն կառույցների ու անհատների, որոնք ակտիվ ներգրավվածություն են ունեցել թուրքերի հետ ֆուտբոլային դիվանագիտության տարիներին:

Սկզբի համար խոսել է պետք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ղեկավար Գեւորգ Տեր-Գաբրիելյանի, Սիվիլիթաս հիմնադրամի նախկին ղեկավար Սալբի Ղազարյանի, Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Գիրագոսյանի, Իմեջին կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Գամաղելյանի հետ: Քաղհասարակության մի շարք այլ անկյունաքարային անձանց անուններ այստեղ չեմ նշում, սակայն նրանց գտնելը դժվար չպետք է լինի:

Հայ-թուրքական նոր խոսակցությունը գործընթաց է, որի հեռանկարը չափազանց մշուշոտ է, իսկ անցյալի փորձերը` լի ձախողումներով: Եթե գործող քաղաքական մեծամասնությունը ուզում է իրական պատկերացում ունենալ անելիքների մասին, ապա պետք է չափազանց համեստ վարքագծով խորհրդակցությունների շարք սկսի, ընդ որում` հանդես գալով առավելապես լսողի դիրքում, ապա ձեւավորի լուրջ աշխատանքային խումբ, որը կկառուցի հայկական կողմի մոտեցումներն ու ասելիքը, ապա` կպատվիրակի Ռուբինյանին:

Խաղադրույքները չափազանց մեծ են, իսկ մեծամիտ ու ամբարտավան վարքագծի պարագայում` հնարավոր նոր աղետը կարող է անասելի կործանարար լինել:

Առայժմ այսքանը…»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել