Իմ զիջելու միակ տարբերակն ինձ զնդանում փակելն է, ես որևէ մեկին որևէ բան չունեմ զիջելու, այս քաղաքը զիջելու առարկա չէ․ Մամիկոն Ասլանյան

«Որոշ մարդկանց անվտանգությունից ելնելով, ես հիմա չեմ արտահայտվի։ Նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու ճնշումների տակ թիմակիցներից ոմանց նաև հանել են ցուցակներից»։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ասաց «Մամիկոն Ասլանյան» դաշինքի Վանաձոր համայնքի ղեկավարի թեկնածու Մամիկոն Ասլանյանը։

Նա նշեց, որ իրենց թիմը վախեցող չի, քանի որ իր թիկունքի կանգնած է Վանաձորի ժողովուրդը, այլ ոչ թե օլիգարխներ, կուսակցություն, կամ մարդկանց խմբեր ու համոզված է, որ վանաձորցին իր խոսքն ասելու է։

«Սա ընտրություն է շարունակականության, սա ընտրություն է Վանաձորը կառուցելու, Վանաձորի գրագետ, ճիշտ ու կայուն զարգացման»,-ասաց համայնքի ղեկավարի թեկնածուն։

Մամիկոն Ասլանյանը նշեց, որ այս պահին որևէ քաղաքական ուժի հետ բացառում է համագործակցությունը։ «Ես քաղաքական տրամաչափով չեմ մտել այս գործընթացի մեջ, մեր աշխատանքային, համայնքային քաղաքականություն է և այս շրջակայքում, եթե նույնիսկ կլինեն թիմեր, որ այս ընտրական գործընթացին չեն մասնակցում, ես նրանց հետ համագործակցության եզրեր միշտ ունեմ, իմ աշխատած տարիներին քաղաքապետարանում երբեք քաղաքական տարբերակումները ոչ աշխատանքի են ընդունվել մարդիկ, ոչ աշխատանքից ազատվել»,-ասաց նա։

Վանաձորի նախկին քաղաքապետը հայտնեց, որ իր որևէ մեկին զիջելու միակ տարբերակն իրեն զնդանում փակելն է․ «Ես որևէ մեկին որևէ բան չունեմ զիջելու, այս քաղաքը զիջելու առարկա չէ, այս քաղաքն աճուրդի առաջրկա չէ, կուսակցականության առարկա չէ։ Այս քաղաքը վանաձորցու, գուգարքցու, շահումյանցու և դարպասեցու համայնքն է դառնալու, իսկ նրանք ամբողջը հայ ժողովուրդ են, մեր ժողովուրդն են, իսկ ես այդ ժողովրդի յուրաքանչյուր մասնիկի կողքին եմ եղել ողջ գիտակցական կյանքում և լինելու եմ՝ անկախ նրանից, թե ով ինչ ճնշում կցանկանա իմ նկատմամբ բանեցնել»,-ասաց Մամիկոն Ասլանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել