Սակագների սահմանման ու վերանայման կարգը, այդ առնչությամբ լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը և ցանկը (հայտի փաթեթը) սահմանում է Հայաստանի Հանրապետության բնական մենաշնորհների կարգավորման հանձնաժողովը (այսուհետ՝ հանձնաժողով):
Սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում որոշումն ընդունվելուց երեսուն օր հետո:
Սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել, բացառությամբ այն դեպքերի, երբ`
ա) լիցենզավորված անձը խախտում է գործունեության լիցենզիայի պայմանները.
բ) սահմանված սակագների մեծությունների` դատական կարգով բողոքարկման արդյունքում դատարանի վճռի հիման վրա հանձնաժողովն ընդունում է սակագնի սահմանման վերաբերյալ նոր որոշում:
Վերոգրյալ «ա» ենթակետում նշված դեպքում հանձնաժողովն իրավունք ունի նշված ժամկետից շուտ փոխելու լիցենզավորված անձի սակագները, որոնք ուժի մեջ կմնան մինչև նրա կողմից թույլ տրված խախտման վերացումը:
Հանձնաժողովը կարող է սահմանել լիցենզավորված անձի գործունեության երկարաժամկետ սակագին:
Սահմանված սակագինը կարող է արտահայտել ինչպես որոշակի թվային արժեք, այնպես էլ որոշակի մեծություններից կախված հաշվարկային բանաձև:
Սահմանված սակագինը կարող է վերանայվել ինչպես լիցենզավորված անձի, այնպես էլ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Հանձնաժողովը սակագինը վերանայում (վերահաստատում կամ փոփոխում) և որոշում է կայացնում լիցենզավորված անձի վերանայման հայտի փաթեթն ընդունելուց հետո` 90-օրյա ժամկետում:
Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կարող է վերանայել գործող սակագինը և սահմանել նոր սակագին` իր կողմից հաստատված ընթացակարգի համաձայն` ելնելով լիցենզավորված անձի տնտեսական գործունեության արդյունքներից, ներդրումային ծրագրերի և սպառողներին մատուցվող ծառայությունների որակի նկատմամբ ներկայացված պահանջների կատարումից:
Գործունեության լիցենզիա ունեցող անձը կարող է էլեկտրական, ջերմային էներգիան և բնական գազը վաճառել կամ լիցենզավորված ծառայությունները մատուցել հանձնաժողովի սահմանածից ավելի ցածր սակագնով, պայմանով, որ չի վտանգվում կամ չի վտանգվի լիցենզավորված գործունեությունը, և (կամ) այն նպատակաուղղված չէ շուկայում մենաշնորհային կարգավիճակ ձեռք բերելուն, և եթե այդ իջեցումը կատարվում է լիցենզավորված անձի շահույթի հաշվին: Սակագների նման իջեցման դեպքում նոր սակագներ սահմանելիս հանձնաժողովը հաշվի չի առնում սակագների իջեցման հետևանքով լիցենզավորված անձի հնարավոր վնասները:
Հանձնաժողովը հաստատում է սակագների հաշվարկի համար անհրաժեշտ ցուցանիշների (շահութաբերության, մաշվածության, սեփական կարիքների, կորուստների, վառելիքի տեսակարար ծախսի և այլն) սահմանային (թույլատրելի) մեծությունները տոկոսային կամ բացարձակ մեծությամբ կամ հաստատում է դրանց հաշվարկման մեթոդիկաները: