Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ հունիսի 17-ին, շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի «Իսակովի հողերի» գործով նախնական դատական նիստը, որը նախագահում է դատավոր Արամ Գրիգորյանը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում քննարկվեց վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դրա վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «Եթե խոսքը վերաբերում է վաղեմությանը, ես պարոն նախագահի անունից կարող եմ հայտնել, որ մենք առարկում ենք, որ այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։ Մենք կշռել ենք թե՛ դատարանի դիրքորոշումները, թե՛ մեր դիրքորոշումները, և գտնում ենք, որ հրաժարվում ենք հնարավորությունից օգտվելուց, որովհետև պարոն նախագաhն իրեն մեղսագրված արարքը չի կատարել, մենք հասնելու ենք նրան, որ դատարանի դատական ակտով փաստվի, և այս փաստը մնա ՀՀ պատմության մեջ»։
Ամրամ Մակինյանը ներկայացրեց մյուս միջնորդությունը, նշեց՝ քանի որ բացի այս քրեական գործից, Սարգսյանն անցնում է նաև նախագահող դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում գտնվող մեկ այլ քրեական գործով, միջնորդում են երկու քրեական վարույթները միացնել։
«Հաշվի առնելով արդյունավետ քննության և ընդհանրապես պարոն նախագահին վերաբերող 2 գործերը ողջամիտ ժամկետներում ավարտելու հնարավորությունները, խնդրում ենք գործերը միացնել մեկ վարույթում»,-ասաց Մակինյանը։
Հանրային մեղադրող, դատախազ Հայկ Հովհաննիսյանն առարկեց միջնորդության դեմ՝ հայտնելով, որ մյուս քրեական գործով Սերժ Սարգսյանից բացի այլ մեղադրյալներ են ներգրավված․ «Հաշվի առնելով դրվագների, վկաների քանակը՝ սույն և այդ գործի փաստական հանգամանքների միմյանց հետ փոխկապակցված չլինելը, գտնում եմ, որ գործերի միացումը կարող է խոչընդոտել»։
Լսելով կողմերի դիրքորոշումները՝ դատարանը որոշեց ներկայացված միջնորդությունը բավարարել, և երկու քրեական գործերը միացնել մեկ վարույթում, դատարանը գտավ, որ գործերի միացումը չի կարող բացասաբար ազդել վարույթի արդար քննության վրա։
Գործով հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 26-ին։
Հիշեցնենք՝ ավելի քան չորս տարվա դատավարությունից հետո դատարանն արդարացրել էր Հայաստանի երրորդ նախագահին՝ հերքելով Դատախազության մեղադրանքը, թե նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակությունը։ Գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Սերժ Սարգսյանի արդարացման որոշումը հակակոռուպցիոն վերաքննիչ ատյան: Դատախազությունը պնդում էր՝ 2013 թվականին գյուղացիներին մատչելի դիզվառելիքով ապահովելու ծրագրի մրցույթում շահել էր նախկին նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի «Ֆլեշ»-ը, որը, ի տարբերություն հայտ ներկայացրած մյուս երկու ընկերությունների, ամենաբարձր գինն էր առաջարկել։ Դատարանը, սակայն, որոշել էր, որ տարիներ առաջ կատարված գործարքը եղել է օրինական։ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության բողոքը։
