Դատախազության դպրոցն ստեղծվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ՀՀ գլխավոր դատախազի 19.07.2007թ. թիվ 46 հրամանի համաձայն:
Դատախազության դպրոցի ունկնդիրներն են`
1) դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձինք,
2) դատախազները,
3) դատախազության աշխատակազմի պետական ծառայողները:
Դպրոցի ունկնդիրներ կարող են հանդիսանալ նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև այլ կազմակերպությունների աշխատակիցները, որոնց համար դպրոցը կազմակերպում է վճարովի դասընթացներ:
Դպրոցում դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման, դատախազների վերապատրաստման և լրացուցիչ վերապատրաստման, ինչպես նաև դատախազության աշխատակազմի պետական ծառայողների վերապատրաստման գործընթացները կազմակերպվում և անցկացվում են գլխավոր դատախազի կողմից սահմանված կարգով:
Դպրոցի դասընթացները անցկացնում են դպրոցի համապատասխան աշխատակիցները, ինչպես նաև դատախազության փորձառու աշխատակիցները և հրավիրված մասնագետները:
Դպրոցում ուսուցումն անցկացվում է համապատասխան ծրագրերով` դասախոսությունների, գործնական կամ սեմինար պարապմունքների, ուսումնական դասախաղերի, բանավեճերի, քրեական գործերով վարույթների շուրջ հարցերի քննարկման, ինչպես նաև ունկնդիրների ինքնակրթությունը խրախուսող դիդակտիկ նյութերի, տեսաժապավենների, ձայնագրված և տեսագրված դասախոսությունների օգտագործմամբ և ժամանակակից այլ եղանակներով ու մեթոդներով:
Դպրոցում ուսումնառություն անցած ունկնդիրները հանձնում են որակավորման քննություն, որի դրական արդյունքների դեպքում տրվում է վկայագիր:
Գիտաուսումնական աշխատանքներից բացի դպրոցում կարող են անցկացվել նաև գիտահետազոտական աշխատանքներ:
Դպրոցը կարող է կազմակերպել և անցկացնել գիտական համաժողովներ, խորհրդակցություններ, սեմինարներ: