Ե՞րբ կարող է ստեղծվել քննչական խումբ

Գործի բարդության կամ նրա ծավալի մեծ լինելու դեպքում նախաքննության կատարումը կարող է հանձնարարվել մի քանի քննիչի, որի մասին նշվում է գործի հարուցման վերաբերյալ որոշման մեջ կամ կայացվում է առանձին որոշում: Այդ մասին իրավունք ունի որոշում կայացնել քննչական բաժնի պետը: Որոշման մեջ պետք է նշվեն բոլոր քննիչները, որոնց հանձնարարվում է նախաքննության կատարումը, այդ թվում` խմբի ղեկավար քննիչը, որը գործն ընդունում է իր վարույթ և ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները: Կասկածյալը, մեղադրյալը, տուժողը, քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը և նրանց ներկայացուցիչները պետք է ծանոթացվեն քննիչների խմբի կողմից քննությունը կատարելու մասին որոշմանը, և նրանց պարզաբանվում է ցանկացած քննիչին բացարկ հայտնելու նրանց իրավունքը:

Քննչական խմբի ղեկավարը քրեական գործն ընդունում է իր վարույթ, կազմակերպում է քննչական խմբի աշխատանքը, ղեկավարում է մյուս քննիչների գործողությունները:

Գործերը միացնելու կամ անջատելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:

Մեղադրական եզրակացությունը կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու հարցը քննելու համար գործը դատարան ուղարկելու մասին որոշումը կազմում է քննչական խմբի ղեկավարը:

Քննչական խմբի ղեկավարն իրավունք ունի մասնակցել այլ քննիչների կողմից կատարվող քննչական գործողություններին, գործով անձամբ կատարել քննչական գործողություններ և կայացնել որոշումներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել