Անձամբ զանգահարել եմ 3 հիվանդանոցների տնօրենների, նախարարների, բայց, ավաղ, ազատ մահճակալներ ու տեղեր չկան․ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր հեռավոր ազգականս զանգահարեց, ում քույրը ծայրահեղ ծանր է ու սրտակեղեք խնդրում էր, որպեսզի․․․ միջնորդեմ, բարեխոսեմ որևէ հիվանդանոցում նրան տեղավորել․․․ Անձամբ զանգահարել եմ 3 հիվանդանոցների տնօրենների, նախարարների, բայց, ավաղ․․․ Երևանի հիվանդանոցներում ազատ մահճակալներ ու տեղեր չկան։ Լավ հարց էին տալիս՝ ո՞ւմ հիվանդից և ինչո՞ւ պետք է առաջ գցենք ձեր հարազատին։ Թե ինչ կպատահի, հնարավոր կլինի արդյոք նրան բուժօգնություն ցուցաբերել՝ չգիտեմ․․․ Գրասենյակ ետ վերադարձին շենքի մուտքի մոտ հայտնաբերեցինք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հարևաններից մեկի համար ժամանած շտապ օգնության մեքենան․․․ Թե ինչ էր պատահել կամ կպատահի՝ չգիտեմ, բայց շտապ օգնության մեքենայի վարորդը ասաց, որ աղետի մասշտաբները անպատկերացնելի են ու իսկապես ազատ տեղեր չկան՝ քաղաքում բացառված է, մարզերում էլ չգիտի․․․․ Դա վերջին փորձս էր նրա միջոցով հասկանալ, թե ինչ հնարավորություններ կունենա մեր հարազատը․․․ Վերջին ու Աստծո հույսով եղբայրը զանգահարել է Կովիդ կենտրոն ու տեղեկացրել, որ քույրը ծայրահեղ ծանր է․․․

Սա նմանատաիպ երկրորդ ծանրագույն խնդրանքն է, որ ստացել եմ վերջին տարում․ առաջինը անցած տարվա ճգնաժամային փուլում էր։

Ես պահանջում եմ, հակապատվաստումային քարոզչություն իրականացնող կայքերի, շարժումների վարքագծի ու պատասխանատվության խնդիրը դնել, որոնք իրենց ավանդն ունեն «մարդու իրավունքների ու ազատության» անվան տակ հակապատվաստումային քարոզչության ու հասարակությանը այս քաոսի մեջ ներքաշելուն նպաստելու գործում։ Հակապատվաստումային բացահայտ կամ թաքնված քարոզչություն տանող կայքերը, շարժումները պետք է կիսեն ոչ միայն այս վիճակի պատասխանատվությունը /իշխանություններն ու նախարարությունն էլ իր հերթին/, ոչ միայն փոխհատուցեն հանրությանը իրենց պատճառած վնասների համար, այլ մեկընդմիշտ փակվեն որպես հայ հասարակության ու նրա անվտանգությանը հարվածողներ»։

Ստյոպա Սաֆարյանը նաև նշել է, որ որոշ լրատվական կայքեր հակապատվաստումային քարոզ են տանում․ «Ու թող զոհ ունեցած բոլոր մարդիկ իմանան, թե այս ճգնաժամի ջրաղացին ջուր լցնողներն ովքեր են՝ կուզեն բացատրություն պահանջեն, կուզեն փոխհատուցում, կուզեն գանահարեն, դա իրենց խնդիրն է։

Ակնկալում եմ՝ որ ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն-ը, ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia-ն, ՀՀ Քննչական Կոմիտեն լրջորեն զբաղվեն այս ամենով»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել