Քրեական դատավարությանը մասնակցող անձանց պաշտպանությունը

Քրեական դատավարությանը մասնակցող յուրաքանչյուր անձ, ով կարող է հաղորդել տվյալներ, որոնք նշանակություն ունեն հանցագործությունը բացահայտելու և դրա կատարողին հայտնաբերելու համար, ինչի հետևանքով կարող են վտանգվել նրա, նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի կյանքը, առողջությունը, գույքը, իրավունքներն ու օրինական շահերը, ունի պաշտպանության իրավունք:

Այստեղ «մերձավոր» է համարվում այն անձը, որի պաշտպանության նպատակով քրեական դատավարությանը մասնակցող անձը գրավոր դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմին:

Քրեական դատավարությանը մասնակցող անձի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի, մերձավոր ազգականի կամ մերձավորի (այսուհետ` պաշտպանվող անձ) պաշտպանությունն իրականացնում է քրեական վարույթն իրականացնող մարմինը:

Քրեական վարույթն իրականացնող մարմինը հայտնաբերելով, որ պաշտպանվող անձը պաշտպանության կարիք ունի, այդ անձի գրավոր դիմումի հիման վրա կամ իր նախաձեռնությամբ որոշում է կայացնում պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին, որը ենթակա է անհապաղ կատարման:

Պաշտպանության միջոց ձեռնարկելու մասին պաշտպանվող անձի դիմումը քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից քննարկվում է անհապաղ, բայց ոչ ուշ, քան դա ստանալու պահից 24 ժամվա ընթացքում: Կայացված որոշման մասին անմիջապես հայտնվում է դիմողին, և նրան է ուղարկվում համապատասխան որոշման պատճենը:

Եթե պաշտպանվող անձի դիմումի վերաբերյալ քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշում է կայացրել պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումը մերժելու մասին, ապա դիմում ներկայացրած անձն իրավունք ունի որոշման պատճենն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, այն բողոքարկելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով։

Պաշտպանության միջոցներ ձեռնարկելու դիմումի մերժումը արգելք չէ պաշտպանվող անձի կողմից այդպիսի միջոցներ ձեռնարկելու մասին նոր դիմում ներկայացնելու համար, եթե նա ենթարկվել է սպառնալիքի կամ հարձակման կամ ի հայտ են եկել նախորդ դիմումում չնշված այլ հանգամանքներ:

Ձերբակալվածներին պահելու վայրի, կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի ղեկավարը համապատասխանաբար ձերբակալված, կալանավորված կամ ազատազրկման ձևով պատիժը կրող անձի պաշտպանության համար կարող է դիմել քրեական վարույթն իրականացնող մարմին՝ իր նախաձեռնությամբ կամ այդ անձի դիմումի հիման վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել