Նրանք երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով, իսկ առջևում կործանարար խորխորատն է․ Արշակ Սրբազան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ, գերաշնորհ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը «Համառոտագրություն մահախոսականի» վերտառությամբ գրառում է արել։

«Հայտնի կրթարշավը գրավում է ախտահարված երևակայության ու զազրախոսության նորանոր բարձունքներ:

Կրթարշավի նախաձեռնողները երջանիկ են ինքնախայտառակման տպավորիչ արդյունքներով և պատրաստ գրավելու նորանոր սև հորիզոններ…

Իսկ առջևում կործանարար խորխորատն է, ուր կա «լաց և ատամների կրճտոց»,- նշել է Սրբազան Հայրը։

Նշենք, որ Արշակ Սրբազանը երեկ նաև արձագանքել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայկական սրբավայրերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

«Գնահատելի է, որ գործող վարչապետը վերջապես ընկալել է հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության գործում իր և իշխանությունների պատասխանատվությունը:

Ցավալի է, սակայն, որ նման նուրբ հարցի շուրջ արտահայտվելիս անգամ այդպիսի բարձր դիրք զբաղեցնող անձը չի կարողանում չցուցադրել «նորաձև» հռչակված կրթության պակասը, ինչպես նաև հանրային պատշաճ հաղորդակցության և խնդիրների խորքային ըմբռնման ներքին ճգնաժամը:

Պետք է տեղյակ լինել, որ հուշարձանի կարգավիճակ ունեցող սրբավայրերի պահպանության առնչությամբ տակավին 2019 թվականի սկզբներից Եկեղեցին մի շարք անգամեր դիմել է պետական մարմիններին և ընդգծել առկա հարցերը համատեղ քննարկելու անհրաժեշտությունը, ինչը, ցավոք, առ այսօր անարձագանք է մնացել ինչպես պետական լիազոր մարմնի, այնպես և հենց կառավարության կողմից:

Սրբավայրերի հանդեպ վարչապետի հանկարծական հետաքրքրությունը, այսուհանդերձ, ունի նաև մխիթարական ներուժ: Միգուցե երկրի ղեկավարը հանկարծ որոշի նաև նկատել հայկական սրբավայրերի նկատմամբ ադրբեջանական աճող հավակնությունները: Գուցե թե հայացքի արժանանան նաև բռնազավթված Արցախում ոչնչացման վտանգի առջև գտնվող սրբավայրերի պահպանության կենսական խնդիրները»,- ասել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել