Ադրբեջանցուն պետք է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով․ Էդմոն Մարուքյան

Եթե փոխանակում, ապա միայն բոլոր հայ ռազմագերիների դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ադրբեջանցուն պետք է փոխանակել «բոլորին բոլորի դիմաց» սկզբունքով. դա նշանակում է, որ այս պահին Ադրբեջանական բանտերում գտնվող ԲՈԼՈՐ հայ ռազմագերիների հետ պետք է փոխանակումը տեղի ունենա: Մյուս բոլոր ֆորմատները փոխանակման, երբ մեր ԲՈԼՈՐ ռազմագերիները չեն փոխանակվում, չպետք է իրականացվի»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Ստեփանակերտում այցելել է Մարտակերտում հայտնաբերված և իրավապահ մարմինների կողմից կալանավորված Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ Ռուսաստանցի խաղաղապահների «Տելեգրամի» ալիքից: Ռուստամ Մուրադովը ծանոթացել է նրա առողջական վիճակին։

«Բաբաևի խնդրանքով նրան հնարավորություն կընձեռվի կապ հաստատել հարազատների եւ ընտանիքի անդամների հետ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Արցախի գլխավոր դատախազությունը հաղորդել էր, որ Մարտակերտի մի բնակարանում հայտնաբերվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ջամիլ Բաբաևը, նա բերման է ենթարկվել Արցախի ազգային անվտանգության ծառայություն։ Հարուցվել է քրեական գործ՝ առերևույթ Արցախի պետական սահմանն ապօրինի հատելու, հիշյալ բնակարանի անչափահաս բնակիչներին սպանության սպառնալիք տալու և լրտեսության հատկանիշներով նախատեսված հանցավոր դեպքերի կապակցությամբ։ Արցախի Քննչական կոմիտեն գործն ընդունել էր վարույթ։ Ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել