Տղամարդը կնոջը միշտ ողջունում է կանգնած: Բացառություն են կազմում միայն այն դեպքերը, երբ տղամարդը հիվանդ է կամ անդամալույծ:
Պատանին կամ աղջիկը կանգնում է, երբ բարևում է իր մոտով անցնող կամ իրենից բավականաչափ տարեց տղամարդու կամ կնոջ:
Պատկառելի տարիքի տղամարդն իր կողքով անցնողներին բարևում է առանց տեղից վեր կենալու, գլխի թեքումով, իսկ եթե ողջունում է կնոջ կամ տարեց տղամարդու, ապա թեթևակի բարձրանում է տեղից:
Հասարակության մեջ տղամարդն ամեն անգամ պետք է կանգնի, երբ կին է ներս մտնում և նստի միայն այն ժամանակ, երբ կինը նստում է:
Տեղից վեր կենալը հարգանքի նշան է: Եթե կինը տեղից վեր է կենում՝ ողջունելու իրենից տարեց տիկնոջը, դրանով ընդգծում է իր հարգանքը նրա հանդեպ: Այնպիսի վայրերում (թատրոնում, կինոյում, սրճարանում, մեքենայի մեջ և այլուր), որտեղից վեր կենալն ու ոտքի կանգնելը կարող է անհանգստություն պատճառել շրջապատին՝ տղամարդը տեղից վեր չի կենում, այլ ձեռք է սեղմում նստած` թեթևակի խոնարհվելով: