Արտաքին քաղաքականությունը՝ կառավարության ծրագրում․ Ռուսաստան, ԱՄՆ, ԵՄ, Իրան, Թուրքիա, Ադրբեջան Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա․․․

Կառավարության օգոստոսի 18-ի նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Կառավարության 2021-2026թթ․ ծրագիրը։

Ծրագրի առաջին մասը վերաբերում է անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը։

Ահաբեկչության և  ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն գործոններից մեկն է շարունակում մնալ ահաբեկչության և  ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարը, այդ ոլորտում Հայաստանի կողմից միջազգային և  միջպետական պայմանագրերի ու համաձայնագրերի շրջանակներում իր ստանձնած պարտավորությունների կատարումը:

Շարունակվելու է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ ՀՀ տարածքում ահաբեկչության և  ծայրահեղականության բռնի այլ դրսևորումների դեմ պայքարն արդյունավետ իրականացնելու, ահաբեկչական սպառնալիքները ժամանակին բացահայտելու ու չեզոքացնելու ուղղությամբ նպատակաուղղված աշխատանքը: Իրականացվելու են ՄԱԿ, ԱՊՀ, ԵՄ, ՀԱՊԿ, շահագրգիռ միջազգային և  միջպետական այլ կառույցների, ինչպես նաև  գործընկեր պետությունների իրավասու մարմինների հետ ոլորտային համագործակցության զարգացումն ու փորձի փոխանակումը: Միջոցառումներ են իրականացվելու Հայաստանի Հանրապետության կարևոր օբյեկտների և  ենթակառուցվածքների հակաահաբեկչական պաշտպանվածության մակարդակի բարձրացման, դրա իրագործման համար անհրաժեշտ օրենսդրական և  նորմատիվ իրավական այլ ակտերի մշակման, ընդունման, ժամանակակից մարտահրավերներին համապատասխանեցման ու շարունակական կատարելագործման ուղղությամբ:

Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը

Իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Աղետներին դիմակայունության բարձրացումը

Տարածաշրջանային անվտանգային հիմնախնդիրները՝ բնակլիմայական, տեխնածին ու մարդածին աղետները, պատերազմները, համաճարակներն ու ահաբեկչությունները, կլիմայական համընդհանուր (գլոբալ) փոփոխությունները, ինստիտուցիոնալ թույլ կառավարումը, ժողովրդագրական փոփոխությունները պատճառ են դառնում ներքին անկայուն իրավիճակի առաջացման, որի կառավարումը լրացուցիչ ուժեր ու միջոցներ է պահանջում պետությունից: Այդ առումով ստեղծվելու է ներդաշնակ անվտանգ միջավայր՝ աղետներին դիմակայունության բարձրացման, ռիսկերի նվազեցման, իրազեկման ու կրթվածության արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:

Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ: Կատարելով ներդրումներ աղետների ռիսկի կառավարման ոլորտում՝ Կառավարությունն ուղղակի կանխարգելելու և  ազդելու է աղետների առաջացման պատճառների վրա՝ խուսափելով հետևանքների վերացման համար պահանջվող անհամեմատ ավելի մեծ ծախսերից:

Աղետներին դիմակայելու տեսանկյունից բնակչության իրազեկվածության և  պատրաստվածության մակարդակի բարձրացման նպատակով կրթական համակարգում պարբերաբար մշակվելու, թարմացվելու և  ներդրվելու են աղետների ռիսկի կառավարման  և  բնակչության պաշտպանության հարցերով կրթական ծրագրեր:

Տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը

Զարգացող և հարկունակ տնտեսությունը պիտի գոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև  բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և  ներառական տնտեսությունը: Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության ապահովման համար ունեն առանցքային նշանակություն:

Արտաքին քաղաքականություն

Կառավարության արտաքին քաղաքականության ուղենիշներն են Հայաստանի Հանրապետության պետական շահերի պաշտպանությունը, Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության ապահովումը, տարածաշրջանային խաղաղության հաստատումը, տարածաշրջանի ապաշրջափակումը և կայունությունը: Արտաքին և  անվտանգային քաղաքականության առաջնահերթություններից է Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներքո՝ հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, ինչպես նաև  մշակութային ու կրոնական ժառանգության պահպանումը և  հումանիտար խնդիրների լուծումը: Հայաստանի Հանրապետությունն օգտագործելու է իր ողջ ներուժը վերոնշյալ նպատակներին հասնելու համար` առաջնորդվելով պետական շահերով և  հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականով:

  • Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտները, Հայաստանը շարունակելու է ամրապնդել և ընդլայնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը։ Քայլեր են ձեռնարկվելու բարձրագույն մակարդակում հայ-ռուսական քաղաքական երկխոսությունն էլ ավելի ակտիվացնելու, Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և  բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ: Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր լինելու հանգամանքը ևս կարևորություն է հաղորդում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին:
  • Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները բարձրացել են նոր՝ ռազմավարական երկխոսության մակարդակի։ Կառավարությունը շարունակելու է հետևողականորեն աշխատել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերության զարգացման և խորացման ուղղությամբ՝ ընդլայնելով ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում փոխգործակցությունը, ինչպես նաև  տնտեսական և  քաղաքական ոլորտներում երկխոսությունը: Հայաստանը շարունակելու է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի:
  • Կառավարությունը շարունակելու է ամրապնդել Ֆրանսիայի Հանրապետության հետ առանձնաշնորհյալ հարաբերությունները` ելնելով նաև Ֆրանսիայի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի կարգավիճակից։ Քաղաքական ոլորտում առկա գործակցությանը զուգահեռ հստակ քայլեր են իրականացվելու Ֆրանսիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման համար։ Կառավարությունը հատուկ կարևորություն է տալու  Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աշխատանքներում։
  • Հայաստանը շարունակելու է Եվրոպական Միության և ԵՄ անդամ պետությունների հետ երկկողմ և  բազմակողմ համագործակցությունը՝ հիմնվելով Հայաստան-ԵՄ Համապարփակ և  ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) և  այլ պայմանագրերի վրա: Շարունակվելու է Հայաստան-ԵՄ ինստիտուցիոնալ համագործակցությունը՝ ժողովրդավարական բարեփոխումների, ոլորտային առկա մարտահրավերները հաղթահարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի ազատականացման երկխոսությունը սկսելու ուղղությամբ։  Կառավարությունն իրականացնելու է  առաջիկա հինգ տարիների համար Արևելյան գործընկերության շրջանակում ֆինանսական տարատեսակ գործիքների միջոցով Հայաստանին հատկացվելիք 2,6 մլրդ. եվրո աջակցության ներքո նախատեսված ծրագրերը: Աջակցությունն ուղղվելու է Կառավարության և  ԵՄ-ի համատեղ սահմանած առաջնահերթ յոթ նախաձեռնություններին, որոնք առնչվում են փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցությանը, Հյուսիս-Հարավ մայրուղու և  աջակցող ենթակառուցվածքների կառուցմանը, Հայաստանի հարավային շրջանների սոցիալ-տնտեսական զարգացմանը, թվային կառավարմանը և  նորարարության խթանմանը, ինչպես նաև  Երևանի՝ որպես կանաչ և  խելացի քաղաքի զարգացմանը, կրթության հասանելիությանը և  ջրամբարների ու աղբավայրերի կառուցմանը:
  • Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին, էթնիկ, կրոնական և ռասսայական հողի վրա խտրականության և  անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին։ Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից՝ էականորեն փոխել է ցեղասպանության միջազգային ճանաչման իրադրությունը: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը պիտի ծառայի Հայաստանի անվտանգության երաշխիքների համակարգի ամրապնդմանը, և սա լինելու է Կառավարության առաջնահերթությունների շարքում: Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի Հանրապետության կառավարությունը ծառայեցնելու է ոչ թե տարածաշրջանային լարվածության աճին, այլ ընդհակառակը՝ տարածաշրջանի լիցքաթափման նպատակին:
  • Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու ապահովելու Իրանի հետ առանձնահատուկ հարաբերությունների հետագա զարգացումը: Կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը` Կառավարությունը ձգտելու է ավանդական բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ է՛լ ավելի զարգացնել։ Համագործակցության շրջանակներում ակտիվ քայլեր են իրականացվելու տնտեսական բաղադրիչի մեծացման ուղղությամբ, այդ թվում՝ ԵԱՏՄ բազմակողմ համագործակցության շրջանակներում: Այս առումով կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման համար: Կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնելու «Պարսից ծոց-Սև ծով» տրանսպորտային միջանցքի ձևավորմանը։
  • Կառավարությունն ապահովելու է Վրաստանի հետ առանձնահատուկ և բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացումը: Հայաստանի և Վրաստանի միջև  քաղաքական, տնտեսական, հաղորդակցային, մշակութային, հումանիտար և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների խորացումն ունի փոխադարձ կենսական նշանակություն։ Վրաստանի հետ հաղորդակցության ուղիների բարելավումը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Երկու երկրների միջև  ավանդական փոխվստահության ամրապնդումը, շարունակական երկխոսությունը և  համագործակցությունը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը: Կարևորվում են համատեղ ջանքերը լոգիստիկ, ենթակառուցվածքների զարգացման, տրանսպորտային փոխկապակցվածության, էներգետիկ և  երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային ծրագրերի իրականացման ուղղությամբ:
  • Հայաստանը կարևորում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և  Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը,  որը կարող է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և  երկարատև  խաղաղության հաստատման խթան դառնալ։ Սրան կարելի է հասնել միայն բոլոր կողմերի կառուցողական ջանքերի և  համապատասխան միջավայրի ձևավորման միջոցով։ Եռակողմ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումը կարող է պայմաններ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման մեկնարկի համար: Այդ նպատակով Կառավարությունը պատրաստ է առավելագույն ջանքեր գործադրել: Միաժամանակ Կառավարությունը կարծում է, որ Ադրբեջանի կողմից նոյեմբերի 9-ի՝ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների լիարժեք դադարեցման մասին հայտարարության և դրանից բխող հետագա պայմանավորվածությունների, այդ թվում՝ բոլոր գերիների, պատանդների, պահվող այլ անձանց վերադարձնելու պայմանի չկատարումը, ի հավելումն հումանիտար և միջազգային իրավական խնդիրների, առաջացնում է անկայունություն և նոր վտանգներ։ Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգություններն ու նկրտումները, ուժի կիրառման սպառնալիք պարունակող ռազմաշունչ հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին։ Հայ-ադրբեջանական սահմանի Սոթք-Խոզնավար հատվածում Ադրբեջանի զինված ուժերի ներխուժման հետևանքով առաջացած ճգնաժամի լուծման ուղիների վերաբերյալ Կառավարությունը հանդես է եկել հրապարակային առաջարկներով և միջոցներ է ձեռնարկելու այդ առաջարկությունները իրագործելու ուղղությամբ:
  • Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն են ունենում տարածաշրջանի խաղաղության և կայուն զարգացման վրա։ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման շահերից: Այսօր էլ Հայաստանի Հանրապետությունը պատրաստակամ է ջանքեր գործադրելու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Առաջ գնալով առանց նախապայմանների՝ կողմերը պետք է գործակցեն՝  ձևավորելու փոխվստահության մթնոլորտ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով։
  • Կառավարությունը նախաձեռնող է լինելու Չինաստանի, Հնդկաստանի, Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ կապերի ամրապնդման և համագործակցային նոր հարաբերությունների կայացման ուղղությամբ:
  • Կառավարությունը նպաստելու է Մերձավոր և Միջին Արևելքի երկրների հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ներառյալ հակամարտության գոտիներում բնակվող մեր հայրենակիցների անվտանգության ապահովումը:
  • Քայլեր են ձեռնարկվելու զարգացնելու համագործակցությունն ամերիկյան, ասիական, աֆրիկյան և խաղաղօվկիանոսյան պետությունների հետ:
  • ԵԱՏՄ շրջանակներում Կառավարությունը շարունակելու է նախաձեռնողական և փոխշահավետ համագործակցության տարբերակների քննարկումները՝ միտված կառույցի ընձեռած հնարավորությունների առավելագույն օգտագործմանը, գործընկեր երկրների միջև  առևտրաշրջանառության ծավալների աճին և  կոոպերացիաների զարգացմանը:
  • ՀԱՊԿ-ը դիտարկելով որպես Հայաստանի անվտանգային համակարգի կարևորագույն օղակ` Կառավարությունը շարունակելու է ակտիվորեն ներգրավված լինել կառույցի աշխատանքներին: 2021 թվականի սեպտեմբերին ստանձնելով ՀԱՊԿ նախագահությունը՝ Հայաստանը փորձելու է իր առաջնահերթությունների շրջանակներում ամրապնդել կազմակերպության կառուցակարգերը՝ ի նպաստ անդամ պետությունների և միջազգային անվտանգության:
  • Հայաստանը շարունակելու է ակտիվ մասնակցել ԱՊՀ շրջանակներում համագործակցությանը և կազմակերպությունում ընթացող գործընթացներին: Շարունակվելու է կարևորվել նաև  ԱՊՀ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը:
  • Հայաստանը հավատարիմ է ՄԱԿ հիմնարար արժեքներին և բարձր է գնահատում կառույցի դերը խաղաղության, ժողովուրդների համագործակցության, մարդու իրավունքների և  հումանիտար հարցերի բնագավառում: Հայաստանը շարունակելու է իր ակտիվ աշխատանքները կառույցի շրջանակներում՝ կարևորելով կառույցի դերը ինչպես տարածաշրջանային խնդիրների լուծման, այնպես էլ համաշխարհային / համընդհանուր մարտահրավերների ձևակերպման և  դրանց շուրջ աշխատանքների կազմակերպման տեսակետից:
  • Կառավարությունը հետամուտ է լինելու ՆԱՏՕ-ի հետ քաղաքական երկխոսության շարունակությանը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի հետևողական իրականացմանը:
  • Հայաստանը շարունակելու է ակտիվորեն մասնակցել ԵԱՀԿ շրջանակներում ընթացող գործընթացներին՝ ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՀԿ-ն տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խնդիրների հասցեագրման կարևոր հարթակ է, և որ Ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և  համապարփակ կարգավորումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
  • Կարևորվելու են ԵԽ-ում և միջազգային այլ կառույցներում Հայաստանի առավել ակտիվ ներգրավվածությունը և նախաձեռնողական քաղաքականությունը, հատկապես միջազգային այն կառույցների շրջանակներում, որոնց անդամ է Հայաստանը, կամ որոնց հետ կան ձևավորված գործակցության ձևաչափեր։

Նոր մոտեցումներ դիվանագիտության մեջ

Հայաստանի դիվանագիտական ազգային համակարգը ձևավորված և  ավանդույթներ ունեցող ինստիտուտ է։ Միաժամանակ անհրաժեշտ է արդի միտումներին ու զարգացումներին համահունչ բարեփոխումներ իրականացնել արտաքին քաղաքականության ձևակերպման, կառավարման ու իրականացման գործընթացներում: Այս առումով առաջիկա 5 տարիներին Կառավարությունը շեշտադրելու է հատկապես տնտեսական, թվային և  իրավական դիվանագիտության զարգացումը։

  • Կառավարությունը արդիականացնելու է տնտեսական դիվանագիտության մեխանիզմներն ու գործընթացները, որը նպաստելու է Հայաստանի զարգացման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծմանը, օտարերկրյա ներդրումների ներհոսքի զգալի աճին, արտաքին առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը, առաջատար տեխնոլոգիաների և փորձի փոխանակման գործընթացի խթանմանը, հետազոտությունների ու մշակումների ոլորտում համագործակցության ընդլայնմանը, զբոսաշրջության ծավալների աճին, հայկական ու օտարերկրյա բիզնեսների համագործակցության ակտիվացմանը:
  • Միջազգային իրավունքն ու միջազգային իրավական ռեժիմի ամրապնդումը կարևոր գործիք է՝ արտաքին քաղաքական շահերը պաշտպանելու համար: Կառավարությունը զարգացնելու է իրավական դիվանագիտության գործիքակազմն արտաքին քաղաքականության մեջ և նպաստելու է նորմերի ու կանոնների վրա հիմնված միջազգային համակարգի առաջխաղացմանը: Իրավական գործիքակազմի համակարգված ու արդյունավետ օգտագործումը հնարավորություն կտա միջազգային իրավական ռեժիմի շրջանակներում խթանելու և առաջ մղելու հայությանը մտահոգող հարցերն ու խնդիրները և  պաշտպանելու Հայաստանի ու Արցախի շահերը:

Ինչպես նշվում է․ Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել