Օգոստոսի 7-ին ուժի մեջ են մտնում Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները

Իրավաբան․net-ը հայտնում է, որ վաղը, օգոստոսի 7-ին, ուժի մեջ է մտնում Քրեական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունները և լրացումները։  Օրենքի նախագիծը ԱԺ-ի կողմից ընդունվել է հունիսի 30-ին։

Դրա համաձայն՝ վարույթի ամրագրումը դարձվում է էլեկտրոնային․ ներդրվում է նախաքննության թվայնացման ծրագիր։

Սահմանվում է իրավունքի չարաշահման արգելք։ Ներդրվելու է պահեստային դատավորի գաղափարը։ Եթե դատավորը ինչ-ինչ պատճառներով փոխվում է, ապա գործի քննությունը վերսկսվում է։ Այս նախագծով նման դեպքերի համար դատարանի նախագահին հնարավորություն է տրվում ընտրել դատավորի, որը մասնակցում է գործի քննությանը պասիվ դերում։ Բուն դատավորի փոփոխության դեպքում ստիպված չի լինի գործի քննությունը սկսել նորից։

Վերանայվել են ձերբակալման տեսակները, որպես ձերբակալման առանձին տեսակ նախատեսվել է ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար ձերբակալումը: Հնարավորինս ընդլայնվել է խափանման միջոցների շրջանակը:

Ի թիվս այլ փոփոխությունների, նաև նախատեսվում են խափանման միջոցների այնպիսի նոր տեսակներ, ինչպիսին են տնային կալանքը և վարչական հսկողությունը:

Նոր փոփոխություններով՝ դատախազության հետ համագործակցող անձը հնարավորություն  կստանա բացահայտել նոր հանցանք, որի շնորհիվ կկարողանա ստանալ ավելի մեղմ պատժատեսակ կամ ազատվել պատժից պայմանականորեն կամ, առհասարակ, ազատվել պատժի կրումից։

Ներդրվել է նաև հեռակա դատաքննության ինստիտուտը։ Քննությունից խուսափող անձանց մասով հնարավոր կլինի սկսել դատական քննության փուլը։

Մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել