Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման կոչ է անում․ Ժոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը կոչ է արել Երևանին և Բաքվին վերսկսել քաղաքական գործընթացները: Ֆրանսիական կողմի հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանների անվտանգության ապահովումն է:

Այս մասին դեսպանն ասել է այսօր՝ հուլիսի 28-ին Էրեբունու հնագիտական պեղումների ավարտման առիթով հրավիրված մամուլի ասուլիսում։

«Մենք գիտակցում ենք, որ այս ամենը տեղ է ունենում մի կոնտեքստում, որ հայ-ադրբեջանական սահմանի վատթարացում կա։ Սրադարձություններ են, որոնք առաջացնում են Ֆրանսիայի անհանգստությունը, որովհետև ըստ էության սա հրադադարի խախտում է, ինչից հետևանքով գրանցվում է Հայաստանի սահմանների անվտանգային իրավիճակի վատթարացում: Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում Հայաստանի և Ադրբեջանի միջև քաղաքական գործընթացների վերսկսման, բայց այդ գործընթացը պետք է լինի արդար և չպետք է տեղի ունենա այլ ուժի ազդեցության ներքո:

Բնականաբար, ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակում կապի մեջ ենք նաև Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ, որպեսզի նախ և առաջ իրավիճակի հանգստացման համար մեր ներդումն ունենանք, և երբ ժամանակը գա, քաղաքական գործընթացը վերսկսենք: Սակայն այս պահին մեր հիմնական մտահոգությունը Հայաստանի սահմանային իրավիճակն է: Բնականաբար մեր ուշադրության կենտրոնում են նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս կետերը, որոնց հետ դեռ խնդիրներ կան, մասնավորապես՝ բոլոր ռազմագերիների վերադարձի հարցը:

Նաև ճշգրտեմ, որ ինչպես վերջերս հայտարարել էի, Ֆրանսիան պատրաստ է դիտարկել այն դիմումները, որ կուղղվեն ռազմաքաղաքական աջակցություն տրամադրելու համար: Բայց հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ֆրանսիան նույն ռազմաքաղաքական դաշինքի մաս չեն կազմում, մեր նպատակը ոչ թե ապագա պատերազմին պատրաստելն է, այլ խուսափելը: Կարծում ենք՝ տարածաշրջանային խնդիրները չունեն ուժային լուծում»,- նշել է դեսպանը։

Ժոնաթան Լաքոթը նաև հավելել է, որ մտքով զինվորների, զոհված զինվորների ընտանիքիների հետ են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել