Հայաստանի Հանրապետության նոտարական պալատում մինչև աշուն կավարտվեն էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները, որը կնվազեցնի գործարքների ժամանակ այլ մարմիններից լրացուցիչ փաստաթղթեր ստանալու անհրաժեշտությունը: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Նոտարական պալատի նախագահ Մամիկոն Ասլանյանը:
«Այս համակարգի ներդրմամբ նոտարին հնարավորություն կտրվի նոտարական գործողությունների կատարման համար անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկատվությունը ստանալ անձամբ՝ առցանց եղանակով: Ինչ վերաբերում է քաղաքացիներին, ապա նրանք նույնպես զերծ կմնան լրացուցիչ փաստաթղթերն այլ մարմիններից ստանալու պարտականությունից, դրանցից բխող բազմաթիվ քաշքշուկներից, ինչպես նաև կեղծ փաստաթղթերի շրջանառությունից»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Էլեկտրոնային համակարգի ներդրմամբ նոտարն ամբողջական կապ կունենա ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, Ոստիկանության և քաղաքացիական կացության մարմինների հետ, կստեղծվի լիազորագրերի, կտակների, ինչպես նաև ներքին ակտերի բազա:
Երևանի երեք գրասենյակում ներկայում ներդրվել և փորձարկվում է լիազորագրերի բազան:
Հայաստանի Հանրապետության նոտարական պալատը 2012 թվականին ստացել է 67 գրավոր դիմում/բողոք, որոնց բոլորին ընթացք է տրվել: Բողոքներից 6-ը դեռ ընթացքի մեջ է. կատարվել է հարցում նոտարներին պատասխան ներկայացնելու կապակցությամբ:
Նոտարական պալատի Թեժ գծի հեռախոսահամարով ստացվել է 26 բանավոր բողոք, որոնց բոլորին ընթացք է տրվել և առաջացած խնդիրների լուծման նպատակով քայլեր են ձեռնարկվել: Ի դեպ, բացի ՀՀ ՆՊ մուտքագրված դիմում բողոքներից մուտքագրվել են նաև ՀՀ պետական մարմինների կողմից տեղեկատվական բնույթի գրություններ, որոնք բոլորն ուղարկվել են հասցեատերերին:
Միայն այս տարվա առաջին 4 ամիսներին ՀՀ նոտարական պալատ մուտքագրված գրավոր բողոք դիմումների թիվը չի հասնում 40-ի, համեմատության համար նշենք, որ անցյալ տարի հաշվետու ժամանակահատվածում յոթ տասնյակից ավելի էին: 2013 թ-ի հունվար ապրիլին ստացված բոլոր դիմում բողոքներին ընթացք է տրվել:
ՀՀ ՆՊ Թեժ գծի հեռախոսահամարով (010 555-772) նույն ժամանակահատվածում ստացվել է 82 բանավոր բողոք, որոնց նույնպես ընթացք է տրվել և առաջացած խնդիրների լուծման նպատակով համապատասխան քայլեր են ձեռնարկվել: Բանավոր ներկայացված բողոքների գերակշռող մասը նոտարական սակագների վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանն են վերաբերվել:
Ի դեպ, Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան ընդառաջ նոտարական պալատը որոշել է, որ հունիսի 1-ին մինչև 16 տարեկան երեխաների հետ կապված բոլոր նոտարական գործարքները` բացի պետական տուրքից, կլինեն անվճար:
Իրավաբան.net