Քաղաքապետի թեկնածու գազանանոցի կապիկը հավաքել էր 400 հազար ձայն․ Արտակ Գալստյանը՝ ՍԴ դատավորին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 13-ին, արդեն 5-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հարց ուղղեց «Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Գալստյանին՝ նշելով, թե քվեաթերթիկներում «բոլորին դեմ» հարցը ինչ խնդիր կարող է լուծել, կամ «բոլորին դեմ» հարցի տարբերակի ընտրության հնարավորությունը՝ Ազգային ժողովի ընտրության հարցում։

Արտակ Գալստյանն իր պատասխանը ներկայացնելիս մեջբերեց Սահմանադրության 2-րդ հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին և այն արտահայտվում է ընտրությունների միջոցով։ «Ես կարծում եմ, որ մարդն իրավունք ունի ընտրելու, իրավունք ունի չընտրելու, իրավունք ունի բոլորին դեմ քվեարկելու, թեկուզ այն պատճառով, որ իր թեկնածուն չկա։ Ես կարող եմ բերել մի փոքր նախադեպ, որը տեղի է ունեցել Բրազիլիայում 1988 թվականին։ Քանի որ ժողովուրդը քաղաքապետի բոլոր թեկնածուներին ուղղակի չի հավանել կամ երկար ժամանակ այնքան են նրանք ժողովրդի ներվերը կերած եղել, որ գազանանոցի կապիկը հավաքել էր 400 հազար ձայն, որովհետև ժողովուրդն այնտեղի Ընտրական օրենսգրքով իրավունք է ունեցել նշելու կապիկի անունը»,-ասաց Արտակ Գալստյանը։

«Հայոց հայրենիք» կուսակցության ներկայացուցիչը նաև նշեց, որ կարելի է պատկերացնել մի իրավիճակ, որ Ազգային ժողովի ընտրությունների ընդամենը մեկ թեկնածու է գրանցվում, իսկ դրան զուգահեռ որևէ իրավական նորմ չկա, որով հնարավոր լինի ստիպել այլ կուսակցությունների՝ մասնակցել ընտրություններին․ «Ի՞նչ ենք անում․ մեկ ձայնով ընտրվում է ու սկսում ղեկավարել երկիրը՞, որոշում է կայացնում սահմանների հետ կապված, բյուջեի հետ կապված։ Ես կարծում եմ, որ «բոլորին դեմը» հենց այն գործիքակազմն է, որը պետք է արգելափակի նման երևույթները»,-մանրամասնեց նա։

«Հայոց հայրենիք» կուսակցության կողմից էական համարվող հանգամանքներ են նշվել նրանք, որ ընտրական գործընթացում չի ապահովվել ընդհանուր, հավասար, ազատ և ուղղակի ընտրական իրավունքի իրացումը, ընտրության գաղտնիությունը, չի պահպանվել օրենքով սահմանված քվեաթերթիկների ձևը, գործող իշխանության և այլ թեկնածուների կողմից նախընտրական քարոզչության ընթացքում տեղի է ունեցել վարչական ռեսուրսի տոտալ օգտագործում, համատարած բաժանվել է ընտրակաշառք և այլն:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել