ՍԴ որոշումները իրավական դիրքորոշումներ են, վստահելու գործոնը բացարձակ կարևոր չէ․ Ռուստամ Բադասյանի պատասխանը՝ Արա Զոհրաբյանին

Սահմանադրական դատարանում այսօր՝ հուլիսի 13-ին, արդեն 5-րդ օրն է ինչ շարունակվում է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի ղեկավար Արա Զոհրաբյանը նիստի ընթացքում հարց ուղղեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին՝ նշելով․ «Դուք վստահու՞մ եք Ձեր կողմի վկայակոչված Սահմանադրական դատարանի որոշումներին»։

Ի պատասխան՝ Բադասյանը նշեց․ «ՍԴ որոշումները իրավական դիրքորոշումներ են արտահայտված, վստահելու գործոնը, կարծում եմ, բացարձակ կարևոր չէ, դրանք պարտադիր են կատարման համար, այդ դիրքորոշումները էական նշանակություն ունեն ՀՀ-ում իրավանորմերի կիրառման, վերլուծության և մեր կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում»։

«Զարթոնքի» ներկայացուցիչը խոսեց նաև կառավարության ծրագրի մի քանի կետերից, որոնք վերաբերելի են ընտրություններին։ Նա նշեց, որ խնդիրը կայանում է նրանում, որ Բադասյանի ներկայացրած քաղաքական ուժը նախկինում միշտ բողոքել է ընտրական գործընթացների հետ կապված մի շարք երևույթներից և դա համարել է ընտրությունների արդյունքների ոչ ճիշտ արձանագրման պատճառ։ «Հիմա դուք եկել եք իշխանության և իշխանության գալուց անմիջապես հայտարարագրել եք, թե ինչ եք անելու, որպեսզի այս համակարգը փոխվի, որպեսզի այլևս այս երկրում ընտրությունների կեղծելու կամ այլ արատավոր երևույթների կասկած չլինի, մարդիկ իրոք վստահ լինեն, որ պետք է լավ ընտրություններ անցկացվեն։ Հիմա մենք գտնվում ենք ՍԴ-ում, վիճարկում ենք ընտրության արդյունքները, բնականաբար, լեգիտիմ շահ ունենք հասկանալու՝ այն՝ ինչի մեջ վտանգ էիք տեսել, այդ վտանագավոր երևույթները վերացվե՞լ են, թե ոչ»,-մեկնաբանեց Արա Զոհրաբյանը։

Ռուստամ Բադասյանը նաև նշեց, որ պետք է նայել, թե կառավաորթյան ծրագրով որ գործողությունների համար ինչ ժամկետներ են սահմանված։ «Կառավարության ծրագիրն իրականացվել է որոշակի փոփոխական հաջողություններով, խնդրում եմ նկատի ունենալ, որ ունեցել ենք պանդեմիա, պատերազմ, դրա հետևանքներ և բնականաբար ոչ բոլոր գործողություններն են․․․ նաև մեր ոլորտային ռազմավարություններով նախանշել ենք բարեփոխումներ տարբեր ոլորտներում, բայց ոչ բոլոր գործողություններն են հասցրել իրականացնել»,-ասաց Արդարադատության նախարարի պաշտոնակատարը։

Հավելենք, որ «Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունն առանձնացրել է Սահմանադրությամբ ամրագրված ընտրական իրավունքի հիմնական սկզբունքների՝ ազատության և հավասարության խախտումները, ընտրողների կամքի ազատ ձևավորման և արտահայտման վրա էական ազդեցություն գործադրելը, քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրողներին ուղղորդելը և նրանց կուտակումները, պետական գործառույթների և կուսակցական շահերի միահյուսումը և այլն:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել