Առաջարկում եմ՝ բացի ելույթից, մնացածը չհամարել գործի նյութեր․ Դատարանը չընդունեց Թովմասյանի առաջարկը

Սահմանադրական դատարանում հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննության ժամանակ այսօր՝ հուլիսի 12-ին, Դատախազության ներկայացուցիչ Սևակ հովհաննիսյանի ելույթից հետո քննարկում սկսվեց, թե արդյո՞ք Դատախազության ներկայացրած նյութերը պետք է համարվեն գործի նյութ, թե՝ ոչ։

«Ես առաջարկում եմ, որ դա մենք քննարկենք, նյութերը տրամադրենք կողմերին, որ իրենք ևս պատշաճ ձևով իրենց հարց-պատասխանը կազմակերպեն կամ եթե հարկ չեն համարում հարց ու պատասխանով, բայց իրենց եզրափակիչ ելույթներում այդ արձագանքը ունենան՝ իրավահավասարությունը ապահովելու համար»,- ասաց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը։

ՍԴ նախագահ Արման Դիլանյանը առաջարկեց շեղվել ընդունված գործելաոճից և մինչև որոշելը, թե Դատախազության ներկայացրած լրացուցիչ նյութերը պետք է դիտել գործի մաս, թե՞ չէ, այդ նյութերը բաժանել բոլոր կողմերին։

«Կարծում եմ՝ պետք է լսել բոլոր հարակից պատասխանողներին հիմա, այդ ընթացքում աշխատակազմը կբազմացնի նյութը (Դատախազության), կբաժանի կողմերին, մենք զուգահեռ կփորձենք ծանոթանալ, այդ թվում՝ նաև ընդմիջումներն օգտագործելով, իսկ ժամանակն էլ չի տուժի, արդյունավետ կիրականացվի դատական պրոցեսը, եթե մենք շարունակենք լսել հարակից պատասխանողներին, հետո հարցերը ուղղել բոլոր հարակից պատասխանողներին»,- ասաց Արման Դիլանյանը։

Քննարկմանը մասնակցեց նաև«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը։

«Ես չեմ կարծում, որ այդ 1000 էջերն էլ նյութեր են, որոնք առնչվում են այս գործին։ Ուստի՝ ես միջնորդում եմ դատարանին՝ չընդունել այդ նյութերը՝ որպես այս գործի հետ առնչություն ունեցող նյութ»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ևս առաջարկությամբ հանդես եկավ․

«Ես առաջարկում եմ՝ բացի ելույթից, մնացած մասը չհամարել գործի նյութեր, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ՝ իմ համար այդ ամբողջ կից նյութերում չի լինելու որևէ բան, որը գործի ելքի համար նշանակություն ունեցող հանգամանք է լինելու»,- ասաց Հրայր Թովմասյանը։

Ի վերջո, Արման Դիլանյանը քվեարկության դրեց իր նախնական առաջարկությունը, որին եղավ մեկ առարկություն։

Մանրամասները՝ տեսանյութերում

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:

Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել