Սահմանադրական դատարանում մեկնարկել է հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքների վիճարկման դիմումների քննությունը:
ՍԴ դատավոր, ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ գործով զեկուցող Էդգար Շաթիրյանը իր զեկույցից հետո դատավոր Հրայր Թովմասյանի հարցին ի պատասխան հայտնեց, որ դիմողների ներկայացրած առերևույթ խախտումների վերաբերյալ բոլոր փաստաթղթերը չէ, որ կարող են ունենալ ապացուցողական նշանակություն. բացի այդ, նկատի ունենալով դրանց ծավալը, այդ ամբողջը հնարավոր չէ դարձնել հետազոտման առարկա:
Թովմասյանը հետաքրքրվեց, թե արդյոք զեկուցողը առանձնացրե՞լ է այն փաստական հանգամանքները, որոնք գործի ելքի համար նշանակություն են ունենալու: Էդգար Շաթիրյանն ասաց, որ այդ հարցն իրեն ևս մտահոգում է արդեն քանի օր:
«Եթե անկեղծ ասեմ, հարցի առնչությամբ ունեմ նախնական դիրքորոշում, բայց կարծում եմ՝ այս փուլում չէ, որ պետք է բարձրաձայնել․․․Բոլոր դիմողներն էլ ներկայացրել են իրենց գնահատմամբ առերևույթ խախտումների առնչությամբ համապատասխան ապացույցներ, փաստաթղթեր, տեղեկատվություն, բայց, դրանք բոլորը, ըստ իս, չեն կարող ունենալ ապացուցողական նշանակություն: Նաև նկատի ունենալով դրանց ծավալը՝ հնարավոր չէ այս ամենը դարձնել հետազոտման առարկա»,-ասաց Շաթիրյանը:
Հրայր Թովմասյանը նշեց, որ այդ ամենը 15 օրում քննարկելու, կարևորը երկրորդականից տարբերելու անհրաժեշտություն ունեն, և այդ առումով զեկուցողը անելիք ունի:
Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում են «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Զարթոնք» և «Հայոց Հայրենիք» կուսակցությունները: Նրանց դիմումները քննարկվում են մեկ միավորված գործի շրջանակներում:
Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Էդգար Շաթիրյանը: Պատասխանող կողմ հանդես է գալիս ԿԸՀ-ն՝ որպես ընտրությունների արդյունքներն արձանագրող մարմին: Հարակից պատասխանողներ են ՀՀ դատախազությունը, ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը: