ԱԺ խորհուրդը որոշեց ուժը կորցրած ճանաչել Հերիքնազ Տիգրանյանի նշանակման մասին իր կողմից ընդունած անօրինական որոշումը

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հուլիսի 6-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի արտահերթ նիստ:

Խորհուրդը  որոշեց ուժը կորցրած ճանաչել Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումը: 

Հիշեցնենք, որ այս որոշման համաձայն ԱԺ խորհրդի քվեարկության 11 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ ձայների համամասնությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Հերիքնազ Տիգրանյանը։

Որոշումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ հարցի քվեարկությանը կողմ է քվեարկել 10 անդամ։ Հիշեցնենք, որ ԱԺ խորհուրդը կազմված է 17 անդամից։ 

Իրավաբան.net-ն ավելի վաղ հետաքննել էր, որ Հերիքնազ Տիգրանյանի նշանակումը՝ որպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ անօրինական է, քանի որ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, խորհրդի անդամ չի կարող նշանակվել կուսակցական պատկանելիություն ունեցող անձ, իսկ Տիգրանյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Որոշումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը, առաջնորդվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի խորհուրդը  որոշում է․

Ազգային ժողովի խորհրդի 2021 թվականի հունիսի 29-ի «Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին» ԱԺԽՈ-041-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչել»։ 

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված են Խորհրդի լիազորությունները, ըստ որի՝ Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում (Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի կազմում անդամ նշանակելու վերաբերյալ դիմումն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ազգային ժողովի խորհրդին առաջադրելու Մրցութային խորհրդի անդամի թեկնածու) Ազգային ժողովի խմբակցությունները Մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նշանակում են Մրցութային խորհրդի անդամ՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից:

Իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով էլ սահմանված է, որ նորմատիվ իրավական ակտը, բացառությամբ Սահմանադրության, ուժը կորցրած է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի որոշմամբ:

Պետք է ընդգծել, որ ԱԺ խորհուրդը այստեղ ևս իրավական սխալ է թույլ տրվել, քանի որ որոշումը պետք է ոչ թե ուժը կորցրած ճանաչվեր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն, այլ այն պետք է անվավեր ճանաչվեր նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով, ըստ որի.

Նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվել կամ գործել է` հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

Հավելենք, որ Իրավաբան.net-ը նաև փորձել է կապ հաստատել Ազգային ժողովի խորհրդի մյուս ընդդիմադիր անդամների՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամներ Էդմոն Մարուքյանի, Արկադի Խաչատրյանի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանի և Միքայել Մելքումյանի հետ։ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները չեն մասնակցել նիստին, իսկ եթե պարզվի, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ևս տեղյակ չի եղել կամ ներկա չի գտնվել այս նախագծի ու այնուհետև նշանակման գործընթացին, ապա կստացվի, որ սա ոչ թե Ազգային Ժողովի խորհրդի կողմից խորհրդարանի ներկայացուցչի, այլ՝ «Իմ քայլը» խմբակցության կողմից քաղաքական նշանակում է եղել։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդը հուլիսի 2-ին հայտարարությամբ էր հանդես եկել, որում ասվում է․

««Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվում է մրցութային խորհուրդ: Խորհուրդը ձևավորվում է Կառավարության, Ազգային ժողովի խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի նշանակած մեկական թեկնածուներից և քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցչից:

Նույն օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Խորհրդի անդամ, բացառությամբ քաղաքացիական հասարակության ներկայացուցչի, կարող է նշանակվել (…) կուսակցական պատկանելիություն չունեցող յուրաքանչյուր ոք(…) 

29.06.2021 թվականին ՀՀ ազգային ժողովի խորհրդի որոշմամբ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ է նշանակվել ԱԺ յոթերորդ գումարման իշխող «Իմ քայլ» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։ Վերջինս նաև «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի նախկին աշխատողն էր, և ներկայում՝ այդ կառույցի անդամը։

Համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի (տե՛ս 18-րդ համարը) Հերիքնազ Տիգրանյանի կուսակցական պատկանելիությունը նշված է «Քաղաքացիական պայմանագիր»։ Այսինքն, մրցութային խորհրդում ներգրավվել է ԱԺ ներկայացուցիչ, որի նկատմամբ կիրառելի չէ կուսակցության պատկանելիության վերաբերյալ օրենսդրական սահմանափակումը։ Նա հանդիսանում է կուսակցական անձ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է այս ապօրինի նշանակումը և ևս մեկ անգամ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում տապալված է, և այդ պայքարի շղարշի ներքո իրականում տեղի են ունենում անձնական և կորպորատիվ շահերի սպասարկում։ Կոալիցիան նաև դիմում է ԱԺ պատգամավորներին հարցով, թե արդյո՞ք վերջիններս տեղեկացված են օրենքի այս պահանջի մասին և դիտավորությամբ կայացրել են ապօրինի որոշում, թե՝ չիրազեկվածության պատճառով հայտնվել են մոլորության մեջ և անփութությամբ ապօրինի գործընթացի մասն են կազմել։ Խնդրի վերաբերյալ նաև հետաքննություն է իրականացրել Իրավաբան․net լրատվական կայքը։

Խորհրդի ձևավորման նկատմամբ ոչ օրինական և շահերի բախման հնարավորության մասին Կոալիցիան ահազանգել էր դեռևս 2021 թ. հունիսի 9-ի հայտարարությամբ։ Ուստի, Կոալիցիան վերահաստատում է նաև այն դիրքորոշումը, որ կասկած է հարուցում այս չհիմնավորված հապճեպությունը, որպիսի պայմաններում կազմակերպվում է մրցույթը։ Առաջանում է ողջամիտ կասկած առ այն, որ դրա նպատակը Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորվում է ԱԺ գործող իշխանության կողմից՝ ԱԺ յոթերորդ գումարման մասնակցությամբ։

Ակնհայտ է նաև, որ այս նպատակի իրագործմանն են օժանդակում նաև իշխող քաղաքական ուժի հետ փոխկապակցված հասարակական կազմակերպությունները։ Մասնավորապես, մրցութային խորհրդի մյուս անդամներից երկուսը քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Այդ կազմակերպություններն են՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ն: Պետք է նշել, որ այս երկու կառույցների ընդգրկման վերաբերյալ որոշումները բնավ անակնկալ չեն։ Նրանք կառավարությունից առանց մրցույթի ստացել են խոշոր դրամաշնորհներ, անօրինական կերպով ընդգրկվել են վարչապետի գլխավորությամբ ձևավորված Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում և իրենց մասնակցությամբ այդ խորհուրդը ՔՀԿ-ների մասով դարձրել են ոչ լեգիտիմ և ձևական բնույթ կրող։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան խստորեն դատապարտում է ապօրինի գործողություններով «հակակոռուպցիոն պայքարը» և կոչ է անում որոշում կայացնողներին առաջնորդվել հանրային, և ոչ թե՝ անձնական ու կորպորատիվ շահերով։ Կոալիցիան կոչ է անում անվավեր է ճանաչել ՀՀ ԱԺ խորհրդի 2021 թ. հունիսի 29-ի ԱԺԽՈ-041-Ա որոշումը, քանի որ այն հակասում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի՝ «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքին։

Ծանոթություն. Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հիմնադրվել է 2014 թ. նոյեմբերի 28-ին Երևանում` Եվրոպական Միության կողմից ֆինասավորված «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակներում: Կոալիցիային ներկայումս անդամակցում են 71 քաղաքացիական հասարակության կազմակերպություններ, իսկ քարտուղարությունը իրականացնում է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել